Հեռանում է. կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները

Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային և հիասթափվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային եւ հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը: 

2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ եւ զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, մեքենաների զրահապատմամբ՝ 5 տարվա հարկերից ազատման թույլտվության պարագայում: 

Մեքենաների 10 տոկոսը, ըստ առաջարկի, պետք է բարեգործական հիմունքներով տրամադրվեր Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, ԱԻՆ-ին եւ ՊՆ-ին: Սեփականատերերը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ հանդիպումից հետո Փաշինյանը հստակ հրահանգել է կազմել հանձնաժողով եւ աջակցել ծրագրին: 

Սակայն 2 տարի է արդեն, ինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաեւ այլ հարակից կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը չի կարողանում եզրակացություն տալ, այսինքն, ստացվում է, որ, պատկերավոր ասած, կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները: 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ թերի աշխատանքից հիասթափված ինվեստորը ծրագիրը որոշել է փակել եւ հեռանալ Հայաստանից: Ստացվում է, այս իշխանությունները մտածում են միայն այսրոպեական ձեռքբերումների մասին, չեն գծում հեռահար պլաններ եւ չունեն հստակ ռազմավարություն, թե ինչ ենք ունենալու մի քանի տարի հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում