Քաոսն անպայման պետք է պայթի

Հեղափոխական թիմն ընդհանրապես չի զգում կառավարման համակարգի գոյության անհրաժեշտությունը

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շատ աղմկոտ հայտարարություն արեց, իբրև թե պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանն ու բոլոր բարեփոխումները կյանքի են կոչվում ի հեճուկս այդ համակարգի։ 

Սա իհարկե չափազանց վտանգավոր և գործնական հետևանքներ ակնկալող հայտարարություն էր, այսինքն վարչապետի այս խոսքերից հետո առնվազն պետք է լուրջ վերափոխումներ իրականացվեին։ Անցել են ամիսներ, բայց, կարծես թե, ոչինչ էլ չի փոխվել, նույնիսկ կառավարության աշխատակազմում որևէ փոփոխություն չի կատարվել։ Ասվածի համատեքստում կարող ենք եզրակացնել, որ փոփոխոխությունների չգոյությունը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքներով․ կամ ոչ մի դիմադրություն էլ չկա և գործ ունենք վարչապետի հերթական էմոցիոնալ պոռթկման հետ կամ էլ Սահմանադրական դատարանի գործող կազմն է խոչընդոտում վարչապետի աշխատակազմում փոփոխություններ իրականացնելու գործընթացը։ 

Լավ, կատակը մի կողմ, եկեք իսկապես հասկանանք, թե ո՞րն է հետհեղափոխական Հայաստանի կառավարման փիլիսոփայությունը, ինչի հետևանքով էլ համակարգը դիմադրում է։ Սա մեր իրականության թերևս ամենահրատապ հարցադրումներից մեկն է, քանի որ դրա պատասխանից է կախված պետության զարգացման հետագա ընթացքը։ Նախնական տպավորությամբ ոչ մի փիլիսոփայություն էլ գոյություն չունի, համակարգը շարունակում է գոյություն ունենալ, որովհետև պետք է գոյություն ունենա, պետական մեխանիզմը շարժվում է առանց պատճառի՝ դառնալով ինքն իր ընթացքի պատճառը։ Գոյությունը միայն գոյության անհրաժեշտությամբ պայմանավորելն ու ընդհանրապես պատճառայնության բացակայությունը  հանգեցրել են քաոսային իրականության։ Այստեղ գերակայում են աղմուկն ու աղաղակը, և բացակայում են աշխատանքի նպատակներն ու հրամայականները։ Կարծում եմ վերոհիշյալ միտքը պարզաբանման պետք ունի։ 

Խնդիրը հետևյալն է․ Կարծես թե, հեղափոխական թիմն ընդհանրապես չի զգում կառավարման համակարգի գոյության անհրաժեշտությունը, և վերջինս գոյություն ունի զուտ այն պատճառով, քանի որ կարգն է այդպիսին։ Միգուցե ձևակերպումն այս մի փոքր ծայրահեղական է, բայց հավաստիացնում եմ դատողություններն այս ոչ միայն ապացուցելի են, այլ նաև տեսանելի անզեն աչքով։ Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանն ու հեղափոխական թիմի ներկայացուցիչները մինչ օրս որևէ առարկայական վերլուծությամբ ցույց չեն տվել, թե որն է կառավարման համակարգի գոյության իմաստն ու գործունեության պատճառը։ Ի վերջո դրա նպատակը արդյունավետ պետություն և արժեքային նոր միջավայր ստեղծե՞լն է, թե՞ համակարգի միակ առաքելությունը  անիմաստ գոյությամբ քարշ գալն է։

Քանի դեռ հարցադրումն այս անպատասխան է, կառավարման համակարգը շարունակելու է դիմադրել ու պահպանել բեռի իր կարգավիճակը։ Իսկապես այն բյուրոկրատական չափազանց մեծ բեռ է՝ դրված հեղափոխականների ուսերին։ Վերջիններս ստիպված են պարբերաբար զտել ու համալրել այն, հետևել ընթացքին և ամենակարևորը՝ արգելակել վերահսկողությունից դուրս գալու նրա բնական հակվածությունը։ Իսկ ինչո՞ւ ստիպված, քանի որ նրանք այդ համակարգի կարիքն ընդհանրապես չեն զգում և պետության առջև ծառացած հիմնախնդիրները կարգավորվում են դրանից անդին, ավելին՝ պետությունը կառավարվում է առանց պետական կառավարման համակարգի։ Հեղափոխության արդյունքում ձևավորվել է մարդ-համակարգ, որն էլ իր հերթին ստեղծել է հակահամակարգային իրականություն։ Փաստորեն պետությունը կառավարվում է մարդ-համակարգի միանձնյա տնօրինությամբ, որն էլ խարսխվում է հակահամակարգային մտածողության և տրամաբանության վրա։ 

Գործ ունենք անընդհատ ընդարձակվող քաոսի հետ, որը լցված է տարերային գաղափարներով և շարժումներով։ Իսկ տարերային ընթացքը վերահսկվում է մարդ-համակարգի հակահամակարգային ներգործությամբ, այսինքն տարերքը կանխատեսելի է դառնում միայն տարերային միջամտությամբ։ Բայց միայն դեռևս, քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ նիկոլփաշինյանական կառավարման այս փիլիսոփայությունը չի կարող հավերժ շարունակվել։ Ինչ-որ մի օր այն պայթելու է, քանի որ քաոսը անպայման պետք է պայթի, որպեսզի նրան հաջորդի տիեզերական կարգը։ Իսկ կարգը կարող է լինել բազմազան և տարասեռ։ Չի բացառվում նաև վերադարձ դեպի երբեմնի ավտորիտար և հակամարդկային կարգի։

Մարդկային բնությունն է այդպիսին. ավտորիտար կարգի և տարերային պատրանքներով ողողված քաոսի միջև նրանց ընտրությունը միշտ կանգ է առնում առաջինի վրա, քանի որ սոցիալական կենդանիները առաջին հերթին սոցիալական կայունության կարիք ունեն։ Փաստորեն քաոսի այլընտրանքը ավտորիտար կարգն է՝ իհարկե մարդկային ծափահարությունների ներքո։ Եթե վարչապետն ու հեղափոխական թիմն այդպես էլ չկարողանան ընկալել պետական կառավարման համակարգի իմաստը, ապա դեպի ավտորիտարիզմ Հայաստանի ընթացքը երաշխավորված է, իսկ թե ինչ մարմնավորմամբ, դա արդեն տեխնիկայի և հնարամտության հարց է։

Կարպիս Փաշոյան

Նյութի աղբյուրը՝ hraparak.am