5 կիլոգրամ «Ափիոն»՝ կոնֆետի մեջ. ԱԱԾ նոր հայտնաբերումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու ուղղությամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսեւորումներից մեկը, միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետեւողական պայ­քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երեւույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու եւ կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման եւ արտահանման փորձի հերթական դեպքը։

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում, 2020 թ. փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երեւան-Կիեւ չվերթի կասկածելի ուղեւորուհին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված ուղեւորը Թեհրան-Երեւան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 2020 թ. փետրվարի 12-ին եւ, բնակություն հաստատելով Երեւանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաեւ վերջինիս հանցակիցը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում  հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու եւ պատասխանատվության կանչելու, թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու  ուղղությամբ։