Ինչու՞ հայկական կողմը չի պնդում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետ

Միջազգային հանրությանը պետք է բացատրել, ինչու Արցախի հայերն իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում

ա

Եթե մի կողմ թողնենք պատմական ակնարկներին պատրաստված չլինելը, խնդիր կար այն մասով, որ Ալիևը փաստացի ֆիքսեց լուծման փուլային տարբերակը, որն Ադրբեջանին ձեռնտու է, իսկ Փաշինյանը դրան հակադարձեց ինչ-որ միկրոհեղափոխությունների շարքով, որը միգուցե նաև նշանակում է, որ հայկական կողմը լուծումը նույնպես տեսնում է փուլային տարբերակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

Նա նշեց, որ առհասարակ հայկական կողմի համար անընդունելի է փուլային տարբերակը և Հայաստանը կողմնակիցն է փաթեթային տարբերակի. «Փուլային տարբերակը ենթադրում է, որ Արցախի Հանրապետության ստատուսի հարցը կմնա անհասկանալի ապագայում, իսկ մինչ այդ կլուծվեն այլ հարցեր։ Ես կարծում եմ, որ դա չափազանց վտանգավոր մոտեցում է Հայաստանի համար»։

Ադրբեջանագետի խոսքով, Փաշինյան-Ալիև երկխոսությունը, որպես այդպիսին, բովանդակային մեծ խնդիրներ էր իր մեջ պարունակում ի սկզբանե, որովհետև ֆորմատն ոչ այնքան ճիշտ էր ընտրված նման քննարկում կազմակերպելու համար։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուրն երկխոսության ժամանակ իր բացթողումներն ունեցավ և որոշ դեպքերում մյուս կողմը կարողացավ դրանից օգտվել, որոշ դեպքերում էլ՝ ոչ, այդ իսկ պատճառով, ադրբեջանագետի կարծիքով, հանդիպմանը դրական գնահատական տալ դժվար կլինի։

Անդրադառնալով հայկական կողմի հայտարարությանը, թե խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, Էլիբեկովան ասաց, որ այս տարբերակի մասին հայկական կողմն անընդհատ խոսում է, բայց նաև խոսում է այն մասին, որ նման լուծում գոյություն չունի. «Միգուցե դա շատ գրավիչ է միջազգային հանրության համար, ցույց տալու , որ հայկական կողմն ավելի կոնստրուկտիվ է, բայց դա խնդիր է հենց բուն կարգավորման պրոցեսի մեջ, որովհետև երբ ադրբեջանական կողմն ասում է, որ ունի հստակ կարմիր գծեր, ունի դիրքորոշում, որ խնդիրը պետք է լուծվի փուլային տարբերակով, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն, տարածքները հետ տան և միայն այդ ամենից հետո կխոսի Արցախի բնակչության հետ իր կազմում, հայկական կողմը պատասխանում է, որ խնդրի լուծումը տեսնում է երեք կողմերի համար ձեռնտու տարբերակով։ Այսինքն` ադրբեջանական կողմը կոմպրոմիսների պատրաստ չէ, իսկ հայկականը պատրաստ է, սակայն չի տալիս լուծման իր տարբերակը»։

Ադրբեջանագետն ընդգծեց, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համար նախատեսված միջազգային այդ հարթակը հարմար առիթ և ժամանակ էր բարձրաձայնելու, դիմելու ադրբեջանական հանրությանը, խոսելու իրենց հետ, թե Արցախից հրաժարվելու դեպքում ինչ կարող է իրենց առաջարկել հայկական կողմը, սակայն այդ առիթը բաց թողնվեց։

«Մյունխենյան սկզբունքներում վարչապետը նշում է, որ Հայաստանի ու Արցախի Հանրությունները պատրաստ են ջանքեր գործադրել այդ լուծումը գտնելու համար։ Ես այդքան էլ վստահ չեմ, որ մենք պատրաստ ենք գտնել լուծում, որը հարմար կլինի Ադրբեջանցիներին, որովհետև մենք ուզում ենք լուծում, որը հարմար կլինի մեզ ու Ադրբեջանը դա պարտադրված, ստիպված ընդունի»,-ասաց Էլիբեկովան։

Խոսելով Ալիևի կողմից ինքնորոշման վերաբերյալ փաստարկին ի պատասխան վարչապետի հայտարարությանը, թե Տիգրան Մեծի ժամանակներում ընդամենը 2 ազգ կար՝ հայեր և վրացիներ՝ ադրբեջանագետն ասաց, որ Տիգրան Մեծի ժամանակահատվածի վերաբերյալ նրա խոսքերն ընկալելի չեն միջազգային հանրության համար, որովհետև պատմական էքսկուրսները հնարավոր է հայերին բարոյահոգեբանական բավարարվածություն տան, բայց միջազգային հանրությանը պետք է բացատրել ինչու է գերակա ինքնորոշման իրավունքը.

«Որովհետև Ադրբեջանը ֆաշիստական պետություն է, որովհետև այնտեղ ավտորիտար իշխանություն է, որն այնտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները չի պաշտպանում, խախտում է իր իսկ քաղաքացիների մարդու իրավունքները, վստահաբար Արցախի բնակչության անվտանգությունը չի ապահովելու և դրա օրինակները կարող էր բերել, բացատրել, թե ինչ է եղել Սումգայիթում, Բաքվում, Կալցո օպերացիան և այլն։ Այսինքն՝ միջազգային հանրությանը պետք է բացատրել, ինչու Արցախի հայերն իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում»։

Ամփոփելով խոսքը՝ Էլիբեկովան ասաց, որ շատ կուզեր լսել այն պնդումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն մինչ օրս այդ պնդումը չի հնչել։

Աղբյուր` Փաստինֆո