Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է

Չփորձեք սեպ խրել. մի օր, հավատացնում եմ, մենք էլ ենք գժվելու, ու այդ դեպքում ձեր ռացիոնալ գժությունը մանկական խաղ է թվալու

Այս տարի արդեն 13-րդ զոհը բանակում, 13-րդ խորհրդավոր զոհը: Սա դավադրություն է բանակի դեմ, սա մեր պետության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է: Եվ եթե ուշադիր լինենք, թե վերջին շրջանում ովքեր են խոսում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ռազմական վերնախավի դեմ, ովքեր են պահանջում նրանց հրաժարականը, հասկանալի կդառնա, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք խնդիրը ռազմական վերնախավի մեջ է։

Իսկ մի քանի օր առաջ «Չորրորդ իշխանությունում» հրապարակված այս նյութը, այս դավաճանական վերնագրով՝ «Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում, և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի», ընդամենը ապացուցում է վերոհիշյալը: Դավադրություն բանակի դեմ, դավադրության պետության դեմ, միաժամանակ ակտիվ աշխատանք արցախցիների նկատմամբ թշնամանք, ատելություն սերմանելու համար:

Նորմալ պետություն ունենայինք, նորմալ ադեկվատ քաղաքական իշխանություն ունենայինք այս հրապարակման հեղինակը, պատվիրատուն արդեն համապատասխան տեղում կլինեին։ ԱԱԾ-ն հազար դոլարի համար ԵՊՀ դասախոս բռնելու փոխարեն սրանցով պետք է զբաղվի։

Սա կոնկրետ հարված է պետությանը, կոնկրետ գործողություն մեր պետականության, մեր անվտանգության դեմ: Մեր որդիները, իմ որդին, իմ ընկերոջ որդին, իմ գործընկերոջ որդին, իմ համաքաղաքացու, համադասարանցու, համակուրսեցու որդին հենց այսօր ուս-ուսի, կողք-կողքի, իրենց արցախցի ընկերների, հրամանատարների հետ մեկտեղ սահմանին կանգնած պաշտպանում են մեր հայրենիքը ոչ նրա համար, որ թուրքական հինգերորդ շարասյուննն այսպես անարգել գործի մեր երկրում:

13-րդ զոհից հետո հրաժարական պետք է լինի, բայց ոչ բանակում։ Սխալ են սլաքները։ Երկրի մթնոլորտն է աննորմալ։ 5-րդ շարասյունն է երկրում մոլեգնում։

Չի կարելի այս ամենը թողնել և անցնել: Վտանգված է ոչ միայն մեր երեխաների, մեր զինվորների անվտանգությունը, վտանգված է պետության անվտանգությունը:

«Ինչու՞ են բոլորը զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի։ Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում...»,- «Չորրորդ իշխանությունում» հրապարակված այս տողերին Փաշինյանը պետք է արագ ու կոշտ արձագանքի՝ Բեռլինի պատի տակ կլինի, թե մի այլ տեղ։ Երկրի ղեկավարը չի կարող լռել, նրանից է կախված մթնոլորտը։ Եվ եթե նա չանի, նրանից կոնկրետ պահանջներ են լինելու։

Իմքայլական պատգամավորներ, ինչո՞ւ չաղմկեցիք այս հակապետական հոդվածի դեմ, ինչու բացատրություն չպահանջեցիք: Ինչու Փաշինյանից չպահանջեցիք իր կարծիքը հայտնել այս հոդվածի մասին:

Արդեն հասել ենք սահմանագծին: Նահանջի տեղ չունենք: Մեկ-մեկ հատ-հատ պետք է պատասխան տան նրանք, ովքեր բերեցին ու հասցրին այս կետին: Մնացել էր բանակում ամեն օր զոհեր ունենայինք, այն էլ անհայտ պայմաններում, մնացել էր մամուլը ակնհայտ թշնամանք և ծանր մեղադրանք ներկայացներ մեր ժողովրդի մի մասի՝ արցախցիների նկատմամբ:

Դավադրություն է բանակի դեմ, դավադրություն է արցախցիների դեմ, երևանցիների դեմ, տավուշցիների դեմ: Դավադրություն բոլոր հայերի դեմ: Ուշքի գալու ենք։

Հիմա շատ կարևոր մի բանի մասին։ Հայաստանում այսօր ընդունված է գժական խաղալ։ Զգուշացնում եմ՝ Աստված չանի մենք նույնպես դրան գնանք։ Կրկնում եմ՝ մեր տղաները, եղբայրները, իմ տղան, իմ ընկերոջ տղան, իմ հարևանի տղան հենց այսօր մարտական հերթապահության են ուս- ուսի տված արցախցի հասակակիցների ու հրամանատարների հետ։ Չփորձեք սեպ խրել։ Մի օր, հավատացնում եմ, մենք էլ ենք գժվելու, ու այդ դեպքում ձեր ռացիոնալ գժությունը մանկական խաղ է թվալու։

Հ. Գ.

«Չորրորդ իշխանությունը» շատ է սիրում գրել քոչարյանական փողեր ստացողների և պիցցա ուտողների թեմայով։ Առաջարկում եմ հենց այսօր ընտանեկան միջավայրում պարզել քանի տարի և ինչի դիմաց է այդ պիցցան և մնացած «հոգևոր բարիքները» ձեզ հասել։ Դո՞ւք եք անմասն եղել «քրեաօլիգարխիկ հոսքերից»։ Նայեք նախորդ տարիների մարտ 1-ի հանրահավքները և ձեր նյութերը ինչ տրանսֆորմացիաների էին ենթարկվում։ Հերիք է հրեշտակ խաղաք։ Իսկապես ամեն ինչ տանում է նրան, որ մենք մի օր իսկապես գժվելու ենք։

 

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»