Սոցիալական բունտի ուրվականը

Իսկ վարչապետի շնորհիվ պատգամավոր և մարզպետ դարձած ինքնավստահ երիտասարդները շարունակում են կարծել, թե հեղափոխությունը հավերժ շարունակվելու է
նիկոլ

ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումները մեր միջավայրում չափազանց պարզունակ են: Այսինքն ժողովրդավարությունը սահմանափակվում է կարճաժամկետ գործընթացի և արձանագրված արդյունքների փխրուն շրջանակներում՝ հաշվի չառնելով գործընթացի համատեքստն ու բուն էությունը: Իրականում ժողովրդավարությունը չի կարող քարացած լինել և սահմանակվել կարճաժամկետ նվաճումների համատեքստում, այն երկարաժամկետ զարգացող և անընդհատ ընդլայնվող համակարգ է։ 

Թերևս ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում տիրապետող է փոխհարաբերությունների կլանային սկզբունքը: Հենց այստեղ է թաքնված հիմնախնդրի ամենակարևոր հարցադրումը. արդյոք հնարավո՞ր է կլանային համակարգի և խոշոր կապիտալի վայրի էքսպանսիայի պայմաններում իրականացնել իսկապես ժողովրդավարական գործընթացներ: Պատասխանը միանշանակ է, այո՛, հնարավոր է, բայց միայն ձևով ու փաթեթավորմամբ: Իսկ խորքային իմաստով խոշոր կապիտալը ժողովրդավարական մեխանիզմների ու կլանային համակարգի ներգործությամբ մշտապես հայտնվելու է հաղթողի դիրքերում: Այսինքն այս պարագայում ժողովրդավարությունը հանդես է գալիս ոչ թե բովանդակության, այլ ընդամենը պարզունակ գործիքի դիրքերից: Գործիք, որը իրավական հիմքեր է ստեղծում կլանային ու բդեշխային համակարգի կատարելագործման և նոր որակներով դրսևորման համար: 

Սա համաշխարհային պատմության ընթացքում տարածված պրակտիկա է: Մեկ անգամ չէ, որ կենսունակ արժեքները օգտագործվել են  որպես գործիք չարիքի ստեղծման համար: Նույն տրամաբանությամբ ժողովրդավարական արժեքների շահարկումն ու սխալ կիրառությունն էլ կարող է դառնալ նոր կլանային համակարգի հիմնասյունը: Ցավոք սրտի կառավորղ ուժն ու դրա ներկայացուցիչները չեն կարողանում հասկանալ այս պարզ ճշմարտությունը կամ էլ հասկանում են, բայց չգիտեն ինչպես դիմագրավել այդ մարտահրավերին: 

Իրականում խնդիրը չափազանց պարզ է ու հասկանալի: Ավելին՝ կլանային համակարգի դեմ պայքարի դեղատոմսը վաղուց արդեն հայտնի է՝ առնվազն 300 տարի: Բանն այն է, որ պետությունը չի կարող լինել միայն իրավական ու ժողովրդավարական: Վերոհիշյալ երկուսից զատ պետք է առաջնային պլան մղվի նաև պետության սոցիալական բնույթը կամ էլ դրա անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ զարգացած պետություններում իրակավական, ժողովրդավարական և սոցիալական բաղադրիչները մշտապես շեշտադրվում են կողք կողքի, քանի որ սրանք անբաժան տարրեր են, և մեկի բացակայությամբ իմաստազրկվում են նաև մյուս երկուսը: Այս երեք կարևորագույն տարրերը ամրագրված են նաև ՀՀ Սահմանադրության մեջ, բայց ցավոք սրտի դրանց փոխգործակցությունն ու ներդաշնակ գոյությունը երևում է միայն թղթի վրա: Իրականում արդեն իսկ պարզ նշմարվում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են իրավական ու ժողովրդավարական պետություն ստեղծել՝ հաշվի չառնելով  և նույնիսկ մի կողմ թողնելով սոցիալական բաղադրիչը: Ասվածը հիմնավորվում է կառավարության հարկային քաղաքականությամբ, ինչպես նաև պատգամավորների և պաշտոնյաների առանձին հայտարարություններով: Նրանց գործունեության հիմնական թիրախը խոշոր կապիտալն է: Կառավարող ուժը բիզնես միջավայրն ու ներդրումային քաղաքականությունը պատկերացնում է միայն խոշոր սեփականատերերի ներգործությամբ: Իսկ աղքատ ժողովուրդը պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունի, նրան հորդորում են փոխել տնտեսական վարքագիծը, ոչխար պահել, չծուլանալ ու աշխատել և այսպես շարունակ: 

Կառավարության և խոշոր սեփականատերերի շահավետ փոխգործակցությունն ու աղքատ ժողովրդի անորոշ և պասիվ կարգավիճակը նպաստավոր պայմաններ են ստեղծում սոցիալական անարդարության խորացման համար: Իսկ կլանային համակարգի ու խոշոր կապիտալի վայրի տիրապետության ուղիղ հետևանքն է սոցիալական անարդարությունը: Այսինքն կառավարող ուժը ոչինչ չի անում սոցիալական արդարության ձևավորման և առհասարակ սոցիալական պետություն ստեղծելու համար: Ընդհակառակը՝ նրանք առաջնային պլան են մղել իրավականությունն ու ժողովրդավարական փաթեթավորումները, առանց հասկանալու, որ սոցիալական արդարության բացակայության պայմաններում պաշտպանվելու են միայն խոշոր սեփականատերերի իրավունքները: 

Հանրային բարիքի և ունեցվածքի անարդար բաշխվածության հետևանքով աղքատ ժողովուրդը մշտապես տնտեսական կախվածության մեջ է գտնվելու խոշոր սեփականատերերից՝ դառնալով որպես կույր գործիք, հարկ եղած դեպքում նաև քաղաքական: Սոցիալական անարդարության պայմաններում մարդիկ ի զորու չեն քաղաքական որոշում և ընտրություն կայացնել, քանի որ նախապատվության հիմքում միշտ էլ տիրապետող է լինելու տնտեսական կախվածության արատավոր հանգամանքը:  Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հեղափոխություն նախաձեռնած գործիչ, ուղիղ արտադրանքն է սոցիալական անարդարության: Այսինքն քաղաքացիների միջավայրում նա դիտարկվել է որպես միջոց անարդարության դեմ պայքարելու համար: Բայց ճակատագրի հեգնանքով սոցիալական անարդարության հետևանքով հաղթանակած գործիչն այսօր անտեսում է այդ չափազանց կարևոր մարտահրավերի առկայությունը: Սա էլ երևի «իզմ»-երի բացակայության և կառավորղ ուժի գաղափարազուրկ լինելու ուղիղ հետևանքն է: Պետք է փաստենք, որ վարչապետի և նրա անգործունյա թիմի վարկանիշը օր օրի անկում է ապրում, իսկ հեղափոխության նվաճումներն էլ պարզապես մսխվում են: 

Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն ի վերջո դասեր չքաղեն գործած սխալներից, ապա նրանք չափազանց ծանր պարտություն են կրելու։ Սոցիալական անարդարության պայմաներում ապրող ժողովուրդը ընտրություններում նախապատվությունը տալու է խոշոր կապիտալին ու կլանային համակարգին: Եվ սա ռացիոնալ ընտրություն է, քանի որ դեռևս չկայացած ու պետության ապագայի վերաբերյալ հստակ գաղափարներ չունեցող քաղաքական ուժը չի կարող մրցունակ լինել: Ի դեպ ՔՊ-ի պարտությունը լինելու է ավելի քան իրավական ու ժողովրդավարական ճանապարհով, իսկ ժողովուրդն էլ շարունակելու է ապրել հակասոցիալական պայմաններում: Հայաստանի գյուղերում շրջում է մի ուրվական՝ սոցիալական բունտի ուրվականը, իսկ վարչապետի շնորհիվ պատգամավոր և մարզպետ դարձած ինքնավստահ երիտասարդները շարունակում են կարծել, թե հեղափոխությունը հավերժ շարունակվելու է։

Կարպիս Փաշոյան

hraparak.am