Վտանգավոր խաղ

Իսկ դուք ասում եք՝ հանրաքվե, թքա՛ծ կեղծ օրակարգերի վրա

Այն խաղը, որ սկսել են հայրենի իշխանությունները, մի քանի անգամ շատ ավելի վտանգավոր է, քան, այսպես կոչված՝ հանրաքվեն, որի շուրջ անիմաստ «տժժում» ենք բոլորս: «Խաղն» այդ մենք պայմանականորեն կանվանենք «Հայոց բանակի բարոյալքման գործընթաց»: Կարող եք առաջարկել խաղի այլ բնորոշում, եթե իմ տարբերակը համարեցիք «խիստ», բայց դրանից բովանդակությունը չի փոխվում:

2020 թ. հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը Հայոց բանակում զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է ավելի քան 3 անգամ: Եթե նախորդ տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 28-ը գրանցվել է զինծառայության հետ կապված մահվան 3, ապա 2020թ. հունվարի 1-31-ը՝ 4 դեպք: Փետրվարի 1-12-ը ներառյալ, ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ տվյալներով, մահացությունների թիվը եղել է 6: Այսինքն, մահվան 10 դեպք՝ մեկուկես ամսում: Այս տխուր վիճակագրությունը, ինչպես նաեւ դեպքերի բացահայտման, մեղմ ասած, «աղաղակող արդյունավետությունը», բնականաբար, պետք է վերաճեր հանրային մեծ անհանգստության ու շփոթմունքի՝ ի՞նչ է կատարվում Հայոց բանակում:

Փորձենք հասկանալ երեւույթը՝ համադրելով վերեւներից եկող մեսիջները եւ կարդալով պաշտոնական հայտարարությունների տողատակերը: Իսկ մինչ այդ մի հարց․ բոլորս էլ կատու տեսել ենք, իսկ գիտե՞նք, որ կատուն կենդանի արարածներից ամենակատարյալն է թե՛ շարժուձեւի ու հարմարվողականության, թե՛ սննդի ընտրության ու շատ այլ առումներով: Ասում են՝ կատվին ինչպես գցես, չորս ոտքի վրա է կանգնում: Կատուն մենակյաց կենդանի է, նա վաղ հասակում բաժանվում է մորից եւ իր մահկանացուն կնքում մենակության մեջ: Կատու շատերն են պաշտում, բայց քիչ չեն նաեւ մարդիկ, որ ճանապարհը փոխում են կամ ուսի վրայից դեպի հետ «թու, թու, թու» են անում կատու տեսնելիս: Կատուն հենց այն կենդանին է, որ մարդուն գերազանցում է գրեթե ամեն ինչում: Բայց շատ չշեղվենք:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակով խորհրդարան անցած, ապա անկախ պատգամավոր դարձած եւ ՀՀ իշխանությանը շիթիլված Արման Բաբաջանյանի վարքը՝ շարժուձեւը, պրոցեսներին արագ եւ ինտենսիվ արձագանքելու բնազդը, քաղաքական տիրոջ փաղաքշանքին արժանանալու համար նրա ոտքերին քսմսվելը եւ այլն, թույլ են տալիս ասելու, որ նա մեր քաղաքական կատուներից ամենակատարյալ կատուն է: Կարծում եմ՝ վիրավորական ոչինչ չկա այստեղ, քանզի մեր քաղաքական գազանանոցը լիքն է տարատեսակ կենդանիներով: Ջայլամնե՞ր չկան, առնետնե՞ր, թե՞ ավանակներ: Փառք Աստծո, ամեն ինչ էլ ունենք:

Եվ երբ Բաբաջանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին որեւէ հարց է ուղղում, պետք է իմանալ, որ դա հենց այնպես չի անում: Վերջին հանդիպմանը նա Նիկոլ Փաշինյանին շատ կոնկրետ հարց տվեց՝ ի՞նչ է կատարվում բանակում: Իրականում նրա տանձին չէ, թե ինչ է կատարվում բանակում: Նա այդ հարցը տալիս է, որովհետեւ դա մեկնարկող խաղի առաջին քայլն է, այսինքն՝ այդպես է նախատեսված ծրագրով: Եվ Փաշինյանը պատրաստ սպասում է այդ հարցին: Բայց Փաշինյանի պատասխանում մեկ բառ անգամ չկար այն մասին, թե ինչ է կատարվում բանակում: Ասում է․ վարտիքի խնդիր կար՝ լուծեցինք, լվացքի մեքենա էին ուզում՝ տվեցինք, երեւի երկու զինվորի վարտիք միաժամանակ են հայտնվել լվացքի մեքենայի մեջ, եւ «դա կարող է զինվորի հետ մեծ պարզաբանում առաջացնելու խնդիր ստեղծել» (վայ, քո հայերենը կտրվի՝ Էդ. Ա.): Վարչապետն այնուհետեւ իր պաշտոնավարման ընթացքի թերեւս ամենախայտառակ հայտարարությունն արեց․ «Պետք է մինչեւ գենետիկ մակարդակում այդ խնդիրն ախտորոշենք: Ես պաշտպանության նախարարին էլ եմ ասել, շտաբի պետին էլ եմ ասել, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձեւերից է, կասկած չունեմ»:

Բրավո… Իսկ հիմա պատկերացրեք, որ ձեր որդին վաղը բանակ է գնում, ու վարչապետը հայտարարում է, թե դա բանակ չէ, այլ քրեական ենթամշակույթ ունեցող մարդկանց համակեցություն: Ի դեպ, չմոռացավ նաեւ զուգահեռներ տանել Հայոց բանակի ու իր նստած գաղութի միջեւ. «Ես հայտնի հանգամանքների բերումով քրեակատարողական հիմնարկում եղել եմ ու տեսել եմ, թե ոնց են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոչնչացնում ոտի վրա, ջարդում, սարքում հողին հավասար»: Համաձայնեք, որ սա երկրի ադեկվատ ղեկավարի հայտարարություն չէ, որ նման բան հայտարարել գերագույն գլխավոր հրամանատարն ուղղակի իրավունք չունի: Ավելին ասեմ՝ նման բան հայտարարելուց հետո պատերազմող երկրի ղեկավարը պետք է արդեն իսկ հրաժարական տված լիներ, որովհետեւխոստովանում է (համոզված է), որ իր երկրի բանակը քրեական ենթամշակույթով առաջնորդվող զինյալ բանդա է, հրոսակախումբ:

Որ սա նոր բոլոլայի սկիզբն է, կասկած չկա: Առայժմ երկուսի գլուխն է երեւում՝ Նիկոլի եւ Արմանի: Չեմ բացառում, որ սկսում են կյանքի կոչել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «լավագույն պաշտպանությունը անպաշտպան լինելն է» կործանարար թեզը, եւ շուտով կտեսնենք նաեւ այլ դերակատարների: Նիկոլ Փաշինյան-Արման Բաբաջանյան հարցուպատասխանից հետո, փետրվարի 13-ին նույնաբովանդակ հոդվածներ հայտնվեցին․ մեկը՝ Նիկոլի «Ժամանակը», մյուսը՝ Արմանի: Երկուսում էլ ակնհայտ է բանակում տեղի ունեցող այլանդակությունների համար մեղավորների փնտրտուքը, ինչպես նաեւ Հայոց բանակին քրեական ենթամշակույթ վերագրելու գեներացումը: Բաբաջանյան Արմանը, օրինակ, առիթը բաց չի թողել ԲՀԿ-ին հիշելու՝ որպես գենետիկորեն «քրեական ենթամշակույթը» կրծքով պաշտպանող քաղաքական ուժի, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի թերթը փուռն է տվել Սորոսին՝ բանակում տիրող իրավիճակը գնահատելու պատիվը վերապահելով Արթուր Սաքունցին: Սա էլ չոք է տփել, թե բա մեղավորը զինվորներն են ու սպաները, որոնք չունեն «իրենց ծառայողական պարտականությունների ցանկերը»: Բա չասե՞ս՝ այ սուտի իրավապաշտպան, Սերժի վախտ թշնամու կրակոցից մի բան էր պատահում բանակում, ձեզ ճղում էիք, թե զինվորը տռուսիկ չունի: Հիմա էլ հո ունի՝ ինչո՞ւ են կոտորում իրար:

Ամփոփեմ: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջին անգամ քաղաքական վտանգավոր օրակարգ է բերվում մեջտեղ, որի նպատակը Հայոց բանակում կարգապահության թուլացումն է եւ դրա հետեւանքով տեղի ունեցող դժբախտությունների ֆոնին՝ բանակի բարոյալքումը: Քրեական ենթամշակույթ ունեցող բանակին ոչ ոք թույլ չի տալու կանգնել շփման գծում, էլ չեմ խոսում այն մասին, որ սա կարող է հանգեցնել ժամկետային զորակոչերի եւ բանակի համալրման ձախողումների: Իսկ դուք ասում եք՝ հանրաքվե: Թքա՛ծ կեղծ օրակարգերի վրա:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am