Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Պապիկյանը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների
Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին Tert.am-ին տեղեկացնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։

Այսօր արդեն նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, թե խոսքն ինչի մասին է: Նա, մասնավորապես, նշել էր. «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով»:

Նա դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների: