ՀՀ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման համար. Գերմանիայի պետքարտուղար 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի եւ պալատի ներկայացուցիչների հետ:

Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար եւ նշել, որ գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին: Վարչապետը մանրամասն խոսել է արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերի եւ ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի` հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առեւտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարեւորել են նաեւ բիզնես ֆորումների անցկացումն ու գործարարների միջեւ կապերի ու համագործակցության խորացումը։