Ես Ձեզ խոստանում եմ՝ եթե անձնական կապեր լինեն, դրանց հեղինակները խստորեն կպատժվեն

Այն, որ մենք տեղյակ չենք այդ ամենից, դա լավ է, նշանակում է այդ բաների մեջ չկանք. վարչապետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց՝ Սննդի անվտանգության տեսչության գործունեության հետ կապված: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպես են բաշխվում ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումներն ըստ լաբորատորիաների: 

Հարցին պատասխանեց վարչապետ Փաշինյանը, նա նշեց. «Եթե անձնական կապեր լինեն, ես Ձեզ խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները, այդպես գործողները խստորեն կպատժվեն։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ այդ տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին։ Անկեղծ ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև տեղյակ չեմ: Հիմա, հընթացս եթե պարզվեն, որ պրոբլեմներ կան, պաշտոնյաներ շահագրգիռ կան, ես Ձեզ խոստանում եմ, որ ամենախիստ ձևով այդ մարդիկ կպատժվեն»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ շատ երկար տարիներ խոսվում է, որ այդ լաբորատորիաները Սննդի անվտանգության տեսչական մարմնի մենաշնորհն է և երկար տարիներ, այդ քննադատությանն ականջալուր լինելով, ազատականացրել են դաշտը: 

«Այն, որ մենք տեղյակ չենք այդ ամենից, դա լավ է, նշանակում է այդ բաների մեջ չկանք: Կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է առաջ գնանք և նման քննարկումները պետք է լինեն, որպեսզի պատշաճ վերահսկողություն լինի և կոռուպցիոն ցանկացած ռիսկ բացառվի»,-ասաց նա:

Փաշինյանը հենց ԱԺ ամբիոնից հանձնարարեց, որպեսզի Սննդի անվտանգության տեսչական մարմինը գրավոր պատասխանի պատգամավորին: