Աշխարհը պետք է արթնանա ու այս վարակն ընկալի որպես հանրության թիվ մեկ թշնամի. ԱՀԿ ղեկավար

Նա ասել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի 18 ամսից ոչ շուտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին, հայտարարել է, որ չինական քաղաքներում և աշխարհի տասնյակ երկրներում արագ տարածվող վարակը «սոսկալի սպառնալիք» է:

Ինչպես նշում է The Guardian-ը, նա կորոնավիրուսի ներկայացրած վտանգը համեմատել է ահաբեկչության հետ:

«Վարակները կարող են ավելի հզոր հետևանքներ ունենալ, քան որևէ ահաբեկչական գործողություն»,-ասել է Գեբրեիսուսը: 

Պաշտոնյան հայտարարությամբ է հանդես եկել Ժնևում, որտեղ նա հանդիպել է աշխարհի տարբեր անկյուններից եկած 400 գիտնականների հետ՝ փորձելով լուծում գտնել համաճարակի հետ կապված ճգնաժամային իրավիճակի համար:

Գեբրեիսուսն ընդգծել է, որ COVID-19 անվանումը ստացած վարակի պատվաստանյութը պատրաստ կլինի 18 ամսից ոչ շուտ:

«Իսկ մինչ այդ մենք պետք է գործի դնենք այսօր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցները»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այս ամենը դեռևս միայն «այսբերգի գագաթն» է:

«Աշխարհը պետք է արթնանա ու այս վարակն ընկալի որպես հանրության թիվ մեկ թշնամի»,-հավելել է ԱՀԿ ղեկավարը:

Մինչդեռ Հոնկոնգի առաջատար վարակաբան Գաբրիել Լունը, որը ևս մասնակցել է ժնևյան հանդիպմանը, բրիտանական պարբերականի հետ զրույցում ասել է, որ եթե պատշաճ վերահսկողություն չլինի, ապա նոր տեսակի կորոնավիրուսը կարող է վարակել աշխարհի բնակչության 2/3-րդ մասին: Ըստ մասնագետի՝ յուրաքանչյուր վարակակիր կորոնավիրուսը կարող է փոխանցել միջինը 2,5 մարդու:

«Դա կազմում է մոլորակի բնակչության 60%-ը, ինչն ահռելի թիվ է»,-ասել է գիտնականը:

Նշվում է, որ կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է հազարի շեմը, մինչդեռ վարակվածներն ավելի քան 42 000-ն են: ԱՀԿ տվալներով՝ կորոնավիրուսը տարածվել է աշխարհի մոտ 30 երկրում: