«Սանիթեքը» կդիմի Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան

Ընկերությունը վերջին մի քանի ամիսներին զբաղված էր հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով

«Սանիթեք» ընկերությունն առաջիկայում կդիմի Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան: Այս մասին հայտնել է «Սանիթեք» ընկերության խոսնակ Քնար Առաքելյանը:

«Սանիթեք» ընկերությունը վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված էր հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Թիմում ներգրավված են ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային մասնագետներ: Ընկերության իրավաբանական թիմն ավարտել է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը եւ շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցադիմումը»,-նշել է Առաքելյանը:

Հիշեցնենք՝ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որով, մասնավորապես տեղեկացնում էր, որ ընկերության նկատմամբ՝ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Ընկերությունից նաեւ տեղեկացրել էին, որ ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ Երեւանի քաղաքապետարանը չեն արձագանքել ընկերության՝ բանակցային ճանապարհով առկա ներդրումային վեճը լուծելու ծանուցմանը, ուստի սկսել են նախապատրաստել փաստաթղթերը՝ հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու համար: