Ինչ-որ բան է նախապատրաստվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

11 ժամը նշանակում է, որ նրանք այնտեղ միմյանց չեն վիրավորում, նրանք ինչ-որ բան են պայմանավորվում

ա

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում, ինչպես և ակնկալվում էր, հաղթեց «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, դիտորդների արձանագրմամբ՝ բազմաթիվ խախտումներով: Հիմա արդեն կարո՞ղ ենք ասել, թե ինչո՞ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբեր ամսին որոշեց լուծարել Ազգային ժողովը՝ գնալով արտահերթ ընտրությունների, երբ ընտրություններ Ադրբեջանում նախատեսվում էին այս տարվա աշնանը:

– Դուք տալիս եք ամենաինտրիգային հարցը, որին դեռ որևէ մեկը չի կարող պատասխանել, այս պահին ևս կարող ենք միայն վարկածներ և ենթադրություններ քննարկել: Սկսենք նրանից, որ նախորդ խորհրդարանը դժվար է որակել ընդդիմադիր բնույթի, այն բաղկացած էր Ալիևին լոյալ, Ալիևի հին աջակիցներից: Բացի բարձրագոչ հայտարարություններից, որ բարեփոխումներ են իրականացնելու, և այլն, ես կարծում եմ, որ այս նոր խորհրդարանով Ալիևը սկսում է իշխանության փոխանցում: Երևում է, որ նա գնալու է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ինչպես Ռուսաստանում է տեղի ունենում, հայտնվելու է պատասխանատու սահմանադրական կառավարություն: Շատ հնարավոր է, որ մենք ներկայումս հետևում ենք իշխանության փոխանցման նախնական փուլին: Երկրորդ՝ դեռ կտեսնենք, թե ինչպիսին կլինի Ալիևի գնահատականը տարածաշրջանային իրավիճակին, ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ մասնավորապես: Կան արտահոսքեր, որ նախորդ Միլի մեջլիսն ավելի կողմնակից էր կարգավորման ուժային տարբերակին, որը սահմանափակում էր Ղարաբաղյան ուղղությամբ զիջումների հնարավորությունը, իսկ հիմա իբրև թե առաջանում է որոշակի  պատուհան կոմպրոմիսային մոտեցումների համար: Բայց դրանք վարկածներ են, կրկնեմ, որ հավելյալ տեղեկատվություն չկա:

– Իշխանության փոխանցումը Մեհրիբան Ալիևայի՞ն:

– Ալիևն իշխանության է բավականին երկար ժամանակ, ինչպես Նազարբաևը և հետսովետական տարածքի բոլոր ղեկավարները, նրա նկատմամբ վերջին շրջանում ուժեղանում էր քննադատությունը Եվրոպայից, ուստի ժամանակն է փոխանցել իշխանությունը և դուրս գալ այս զոմբի ղեկավարման կարգավիճակից: Խոսվում է Մեհրիբանի մասին, բայց չեմ ցանկանում աղմկահարույց հայտարարություններ անել, ամբողջական տեղեկատվություն չունենք՝ վստահ պնդումներ անելու համար: Բայց պարզ է մեկ այլ բան, որ այն լուրջ որոշումը, որին գնաց Ալիևը, կարող է ունենալ երկու շարունակություն՝ իշխանության փոխանցում, որը տեղի կունենա դանդաղ հեղափոխության տեսքով, և արտաքին քաղաքականության վերաիմաստավորում. Ադրբեջանը կարող է ընտրել արտաքին քաղաքական նոր կուրս, բայց թե ինչպիսի, դեռ դժվար է ասել:

– Այսինքն՝ Դուք ունեք նաև կասկածներ, որ դա կարող է չլինել եվրասիական, ռուսական կողմնորոշումը:

– Ցանկացած կուրս հնարավոր է՝ հաշվի առնելով այն աշխարհագրությունը, որում Ադրբեջանն է, լարված իրավիճակ Մերձավոր Արևելքում, Վրաստանում անկայուն իրավիճակ, Իրանի խնդիրը, Թուրքիան է գտնվում բարդ իրավիճակում, Ադրբեջանը հասկացավ, որ այն կարծիքները, թե Ադրբեջանը վտանգված է հյուսիսից, չեն համապատասխանում իրականությանը, ուստի պետք է կողմնորոշվի, թե ում հետ առաջ շարժվի ապագայում: Չեմ բացառում, որ դա լինի ռուսական ուղղությունը, քանի որ Ալիևը վերջին շրջանում ակտիվացրել է շփումները Մոսկվայի հետ, հնարավոր է, որ նրանք երես թեքեն Արևմուտքից՝ շարժվելով արևելյան ուղղությամբ, դա նաև չինական վեկտորն է, բոլոր տարբերակները կան: Ալիևն այսօր պայքարում է՝ պահպանելու համար իր իշխանությունը, իշխանության շարունակականությունը, քաղաքական կայունությունը, դուրս գալով այս թակարդից, որում նա հայտնվել է աշխարհաքաղաքական տեսանկյունից:

– Ուշագրավն այն է, որ քաղաքական այս ընտրական փուլերին զուգահեռ՝ ընթանում են ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում հանդիպումներ, որոնցից վերջինը՝ Ժնևում: Այս քաղաքական փոփոխությունները կանդրադառնա՞ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, կլինե՞ն փոփոխություններ:

– Փոփոխություններ արդեն իսկ կան: 11 ժամ՝ երկփուլ քննարկում տեղի ունեցավ Ժնևում, արդեն այդ փաստը նշանակում է, որ ծավալվում է առարկայական երկխոսություն, կա սցենար, որը սեղանին է: Ես ենթադրում եմ, վստահ եմ, որ կա փաստաթղթի նախագիծ, որը քննարկվում է, բայց հարցն այն է, որ կողմերը դա չեն բարձրաձայնում և պահպանում են գաղտնիության ռեժիմը: Սակայն մարդիկ, որոնք առաջին օրը չէ, որ զբաղվում են այս հակամարտությամբ, կարող են ասել, որ, եթե խոսելու բան չկա, ապա նաև երկխոսություն չի կարող ծավալվել, եթե քննարկումներ կան նման տևողությամբ, նշանակում է՝ ընթանում են կոշտ, սուր քննարկումներ, իսկ թե ինչի շուրջ՝ կարող ենք միայն ենթադրել: Երևի թե ինչ-որ սցենար է մշակվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար հասկանալի է, հանրայնորեն հայտարարում է տարածքային ամբողջականության մասին, իսկ սեղանի շուրջ փնտրում է փոխզիջումներ: Բայց, ինչպես ասում են՝ Ադրբեջանում իշխանությունը հին է, իսկ Հայաստանում նոր, որպես ժողովրդավար հռչակված իշխանություն է, բայց նոր իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, աշխատում են նույն օրենքներով, ինչ նախկին իշխանությունը, այսինքն՝ ոչինչ չի փոխվել:

– Պարոն Տարասով, մի փոքր անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Մադրիդյան սկզբունքների ու տարրերի շուրջ: Հայտարարվում է, որ հարկավոր է դրանց շուրջ մեկնաբանությունները հստակեցնել, ապա հայտարարվում է, որ դրանք նախկինների ժառանգությունն են՝ ակնարկելով, որ դրանք անընդունելի են ներկայիս իշխանության համար, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հնգակողմ հայտարարության մեջ խոսվում է սկզբունքների ու տարրերի մասին, որոնք, ենթադրաբար, այս սկզբունքներն են ու տարրերը: Իրականում ի՞նչ է քննարկվում՝ Ձեր տպավորությամբ:

– Կողմերը հայտարարում են, որ Մադրիդյան սկզբունքներն իրավաբանական փաստաթուղթ չեն, դրանք ընդունվել են որպես բանակցային հիմք: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ակնարկել են, որ գոհ չեն Մադրիդյան սկզբունքներից, բայց ամեն դեպքում նրանք չեն չեղարկել այս ամենը: Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, մոդեռնիզացված կամ չմոդեռնիզացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր: Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի: Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա: Ես դա անվանում եմ երկակի ստանդարտ և կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի հետևողական և հստակ քաղաքականություն է վարում՝ ոչ մի ետքայլ, տարածքային ամբողջականություն: Դա մեզ դուր գա-չգա, դա իրենց դիրքորոշումն է:

Իսկ Հայաստանը 15, պայմանական ասած, դիրքորոշում է հայտնում՝ մեկ՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մեկ՝ ոչ, մեկ՝ Մադրիդյան սկզբունքները հարկավոր է փոփոխել, մեկ՝ ոչ: Սրանք հակասական են, և այս ամենը հրապարակային է հայտարարվում, սրանք ոչնչի վրա չեն ազդում, ժողովուրդը չի ազդում որևէ որոշման վրա այս մասով, իսկ իրականում այլ մեխանիզմներ են գործում, դրանք գործում են Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների ժամանակ, մեզ այդ հայտարարություններից թվում է, թե ֆուտբոլ են խաղում, այնինչ խաղում են հոկեյ:

– Այսինքն՝ այս անորոշությունն իրական պատկերը չէ, բանակցային սեղանի շուրջ կոնկրետ հարցե՞ր են քննարկվում:

– Իհարկե: 11 ժամը նշանակում է, որ նրանք այնտեղ միմյանց չեն վիրավորում, նրանք ինչ-որ բան են պայմանավորվում: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհասկանալիորեն այս փուլում Ադրբեջանը գնաց ընտրությունների, Փաշինյանը ևս գնում է հանրաքվեի:

– Այսինքն՝ այս զուգահեռը կապ ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հե՞տ:

– Իհարկե: Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ: Փաշինյանին ՍԴ-ն ինչո՞վ է խանգարում բարեփոխումներ իրականացնել:

– Իշխանությունը, այո, նման պնդումներ է անում:

– Այսինքն՝ ՍԴ-ն խոչընդոտում է վրեժխնդիր լինել ընդդիմախոսներից և նախկինների՞ց: ՍԴ-ն խոչընդոտում է իրականացնել բարեփոխումնե՞ր: Ո՛չ, ես այդ կարծիքին չեմ: Իսկ ինչո՞ւ է դա նախաձեռնվում: Ադրբեջանում ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ այստեղ՝ ինչն է պատճառը: Ինտրիգ կա այս ամենում, լուծարվեց խորհրդարանը, որը նվիրված էր Ալիևին, Փաշինյանը, օրինակ, Սարգսյանի թիմին հեռացրեց, դա հասկանալի է, իսկ Ալի՞ևը: Փաշինյանն է զուգահեռաբար գնում հանրաքվեի, բայց հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս, կարձանագրվի, որ ազդեցությունը նվազում է, իսկ դա ճգնաժամային երևույթների նախադրյալ է:

Իսկ եթե ստանա 90 տոկոս աջակցություն, դա այլ իրավիճակ է: Մենք այս պահին կարող ենք կառուցել ցանկացած սցենար: Ես վստահ եմ, որ կա կապ այս ամենի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միջև, լինելու են ընտրություններ Ղարաբաղում, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կհաղթի Ղարաբաղում, չեմ ցանկանում ենթադրել, թե նախագահի թեկնածուների ցանկից որ թեկնածուին է աջակցում Փաշինյանը, կարծում եմ, որ կա նման ֆիգուր, այդ ընտրություններից հետո հանրաքվեի է գնում, կտեսնենք, թե հետո ինչպես է զարգանալու իրավիճակը: Երկու հակամարտող կողմեր ժողովրդավարական մեխանիզմներ են փորձում ներդնել, Ադրբեջանում՝ խորհրդարանական ընտրություններ, այստեղ՝ հանրաքվե, ի դեպ, սինքրոն: Ի՞նչ է դա նշանակում, դրանք կապ ունեն միմյանց հետ, պետք է մտածել և վերլուծել: Ինչ-որ բան նախապատրաստվում է, թե ինչ՝ չեմ ցանկանում ենթադրել, չգիտեմ:

Նյութի աղբյուրը՝ 168.am