ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաեւ համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիեւի հետ, պարզաբանմամբ է հանդես եկել:
Աննա Նաղդալյանը մասնավորապես, արձագանքել է.
«Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որեւէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, եւ ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ:
Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին:
ԼՂ իշխանությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձեւաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան եւ Հայաստան հրադադարի համաձայնագրից:
0Comments