Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը. Ամրամ Մակինյան

Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է․

«Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։

Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։

Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի։

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը։
Այն ամբողջությամբ հակասում է թե Սահմանադրությանը, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին»։