ԱԺ արտահերթ նիստը կայանալու է

Օրակարգում ընդգրկված հարցը կքննարկվի մեկ ընթերցմամբ. Մարուքյան

Ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի նիստը՝ կրկին արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Հիշեցնենք, որ այսօր հրավիրված արտահերթ նիստը չկայացավ, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված նախագծերը հեղինակները հետ են կանչել՝ տեխնիկական պատճառով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ժամանակ նախագծերն ըստ էության ներկայացվել են նոր կազմով:

«Օրակարգում մեկ հարց է և այն Սահմանադրական փոփոխությունների մասին հարցն է, այնտեղ մեկ հոդված փոփոխելու հարցն է: Իսկ Վահագն Հովակիմյանի ներկայացրած փաթեթն այլևս օրակարգում չէ: Օրակարգում ընդգրկված հարցը կքննարկվի մեկ ընթերցմամբ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ ներկայացրել են նախագիծ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որի համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: