Ինչպես է Միհրան Պողոսյանը խուսափել քրեական պատասխանատվությունից. մանրամասնում է Արթուր Վանեցյանը

Դրա մասին գիտի նաև վարչապետը, հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ

Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներին աջակցել է, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի դեպքը՝ ասելով.

– Իմ հրաժարականից հետո  եղան կարծիքներ, և դրանք համատարած կարծիքներ էին, որոնք տարածվում էին պետական քարոզչամեքենայի կողմից, որ Արթուր Վանեցյանը հովանավորել է նախկին իշխանություններին, չի թողել նրանց նկատմամբ հարուցվեն քրեական գործեր, նպաստել է նրան, որ հեռանան, և այլն: Ես իմ հրաժարականից հետո կարող էի հայտարարել, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, իսկ դա ինձ ոչ մեկը չէր արգելել հայտարարել, անմիջապես հետո, բայց ես թողեցի, որ անցնի 5-5.5 ամիս: Հարց է առաջանում՝ ինչի՞: Եկեք հիմա փաստերով խոսենք:

Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես կոչված, թալանչիներից ենթարկվել քրեական պատասխանատվության, և քանի՞ լումա գումար է վերադարձվել, այսպես կոչված, թալանված, կոռուպցիոն փողերից: Եթե այստեղ նստած մարդիկ մեկ դեպք ինձ կհիշեցնեն, ես ներողություն կխնդրեմ: Ինչ վերաբերում է, որ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ես տեղեկատվություն եմ փոխանցել, որպեսզի կարողանան երկրից գնան: Հիմա բերում եմ մեկ օրինակ: Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը: Հայտնի օֆշորի գործը: Քրեական գործի վերաբացելու եղանակը մեկն է:

Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրեական գործը վերաբացել և քննություն իրականացնել: Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ քրեական գործը: Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա, որը, համոզված եմ, վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչո՞ւ իրենք չհամաձայնեցին, որ այդ գործը վերաբացվի, այն վերադարձվել է մեզ:

– Ովքե՞ր:

– Գլխավոր դատախազությունը: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչի՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչի՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու համար: Դրա մասին գիտի նաև վարչապետը: Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ: Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու: Ես նորից կրկնում եմ՝ ես հեղափոխությունից հետո արել եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնենք ժողովրդին տված խոստումները, որպեսզի, այսպես կոչված, թալանված փողերը վերադարձնենք պետական բյուջե: Արվել են, և օրինական ճանապարհով ինչ հնարավոր էր անել, կարծում եմ՝ ես արել եմ: Այո, կան այսօր էլի դեպքեր, որոնք էլի հնարավոր է անել, և ես կարծում եմ՝ իմ նախկին գործընկերներն այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն: