Ճապոնիայի Յոկոհամայի նավահանգստի մերձակա ջրերում Diamond Princess կրուիզային նավում 10 ուղևորի մոտ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, ըստ Tert.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք բուժզննում իրականացրինք նավի բոլոր ուղևորների և անձնակազմի համար: Անալիզներ են վերցվել 273 հոգուց, որոնք կա՛մ շփում են ունեցել վարակվածների հետ, կա՛մ հիվանդության ախտանշաններ են ունեցել: Այս պահին մենք ստացել ենք 31 մարդու թեստի պատասխանները, որոնցից 10-ը դրական են»,- Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է առողջապահության նախարար Կացունոբու Կատոն:
Նավի վրա ընդհանուր առմամբ գտնվում է 3700 ուղևոր և անձնակազմի անդամ:
Կացունոբու Կատոյի խոսքով` բոլոր վարակվածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ: Հիվանդներին ափ է հասցրել առափնյա պահակախումբը, քանի որ նավը նավահանգիստ մտնելու թույլտվություն չի ստացել: Հիվանդներին տեղափոխել են Կանագավա պրեֆեկտուրայի հիվանդանոցներից մեկը:
Նավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին: Ճանապարհին այն մտել է ճապոնական Օկինավա և Կյուսյու կղզիների, ինչպես նաև Հոնկոնգի և Վիետնամի նավահանգիստներ:
Վարակված 80-ամյա մի տղամարդ նավում է եղել հունվարի 20-25-ը և իջել է Հոնկոնգում: Ներկայում նա հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է կայուն:
0Comments