Փելոսին ձեռքն առաջ է մեկնել՝ Թրամփին բարևելու, մերժվելուց հետո պատռել է նախագահի ելույթի տեքստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավելի ուշ խոսնակը լրագրողներին հայտնել է տեքստը պատռելու պատճառը. «Դա ստերի մանիֆեստ էր»

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից հանդես է եկել ամենամյա ուղերձով (State of the Union Address), tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է nytimes.com-ը՝ նկատելով, որ նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի միջև չափացանց լարված շփում է եղել:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Թրամփը մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:

Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

Ավելի ուշ խոսնակը լրագրողներին հայտնել է տեքստը պատռելու պատճառը:

«Դա ստերի մանիֆեստ էր»,-ասել է քաղաքական գործիչը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Փելոսին Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից է և տարբեր առիթներով բուռն քննադատել է նրա վարած քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել Թրամփի պաշտոնանկության գործընթացին: Այժմ հարցը պետք է քննվի Սենատում: