Թիվ 99 երթուղին սպասարկող «Գազելը» վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ 

«Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։