Կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակը նվազում է

Լուրը հայտնել է երկրի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանացածների շրջանում մահացության մակարդակն աստիճանաբար նվազում է. եթե համաճարակի սկզբում այն 2.3 տոկոս էր կազմում, ապա ներկա պահին նվազել է 2.1 տոկոսի: Ըստ tert.am-ի՝ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովի բուժական քաղաքականության գծով վարչության փոխղեկավարը:

«Հիմնվելով վիճակագրական տվյալների վրա՝ մահացության մակարդակը ողջ երկրում վարակվածների դեպքում կազմում է 2.1 տոկոս: Մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հուբեյ նահանգում, որտեղ 414 մարդ է մահացել կամ ընդհանուր մահացածների 97 տոկոսը ողջ երկրի մակարդակով: Նահանգում մահացության մակարդակը կազմում է 3.1 տոկոս»,- ասել է մասնագետը:

Պաշտոնյան նշել է, որ Ուհան քաղաքում մահացության դեպքերը 313-ն են կամ երկրի մակարդակով 74 տոկոսը: Այս քաղաքում մահացության մակարդակը 4.9 տոկոս է:  

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսից մահանում են հիմնականում տղամարդիկ՝ դեպքերի 2/3-ը, մահվան ելքով դեպքերի 80 տոկոսի դեպքում մահացողները 60-ն անց մարդիկ են:  

Հիշեցնենք, որ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակն Ուհան քաղաքում բռնկվել է դեկտեմբերի 31-ին: Չինաստանում վարակվածների թիվն արդեն գերազանցել է 20 400-ը, մահացել է 425 մարդ: