Բենզինը Ձեր գրպանից ե՞ք լցրել․ Միհրան Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Կիրակի օրով ո՞ւմ հաշվին էիք տպավորիչ ավտոշարասյունով գնացել ձեր զինվորին տեսության

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրել՝ Արցախ գնացել էր որպես վարչապե՞տ, թե զինվորի հայր։

«Պարոն վարչապետ, մի լուրջ հարցով կտրեմ Ձեր մասկի-շոուները: Դուք Քարվաճառ որպես ի՞նչ էիք գնացել` ՀՀ վարչապե՞տ, թե՞ զինվորի հայր: Որ զինվորի հաց գողանալուց եք խոսում, կասե՞ք, թե կիրակի օրով ու՞մ հաշվին էիք տպավորիչ ավտոշարասյունով գնացել Ձեր զինվոր բալին տեսության: Բենզինը Ձեր գրպանից եք լցրե՞լ, ՀԴՄ կտրոնները ցույց կտա՞ք: Բա ասում էիք, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հիմա բանակում ամեն զինվոր ունեցողը կարո՞ղ է պետական բենզինով այցելել իր զինվորին: Որտե՞ղ է գրված, որ մարդիկ պետք է աշխատեն ու հարկեր վճարեն, որ Դուք Ձեր ընտանիքապետությունը կառուցեք իրենց գումարների հաշվին»,-գրել է Միհրան Հակոբյանը:

Նա նշել է, որ Փաշինյանն այլևս չի կարող ընդդիմադիր պատգամավորի հայտարարարություններ անել։

«Մարդկանց էշի տեղ դնել չի ստացվելու: Ում համար պարզ չէ, որ հարկատուների փողերով տպավորիչ ավտոշասյունով զինվորին տեսության գնալը հենց զինվորի հաց գողանալ է»,-գրել է Միհրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ կիրակի այցելել են Արցախում ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին և նրա հետ ճաշել արցախյան ռեստորաններից մեկում, որտեղ ՀԴՄ կտրոն չէր տրամադրվել։

Ռեստորանի սեփականատեր Արշակ Զաքարյանը ևս իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ ՀԴՄ սարքը խափանվել է, ինչի պատճառով էլ աշխատակիցները չեն կարողացել կտրոնը տրամադրել, իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատակիցներին վիրավորել է՝ անվանելով «զինվորի հաց գողացողներ»։

Ավելի ուշ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանը Արցախ էր այցելել 12 մեքենայի ուղեկցությամբ։