Կորոնավիրուսով հիվանդ չինուհուն Թաիլանդում բուժել են գրիպի և ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոցներով

Բժիշկները հայտնել են, որ 71-ամյա չինուհու մոտ բարելավում է նկատվել երկու խմբի դեղամիջոցները ներարկելուց 48 ժամ անց

Գրիպի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարող դեղամիջոցներն արդյունավետ են դարձել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: tert.am-ի փոխանցմամբ՝ ТАСС գործակալության հայտնել է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում կիրակի հայտնել են թաիլանդցի բժիշկները, որոնք կիրառել են վերոնշյալ դեղամիջոցները նոր տեսակի թոքաբորբով հիվանդ չինուհու բուժման համար:

Բանգկոկի հիվանդանոցի երկու բժիշկներ հայտնել են, որ 71-ամյա չինուհու մոտ բարելավում է նկատվել երկու խմբի դեղամիջոցներ ներարկելուց 48 ժամ անց: Նրա մոտ լուրջ ախտանշաններ հայտնաբերելով՝ բժիշկները որոշել են փորձարկել «Օսելտամիվիր» դեղամիջոցը գրիպի դեմ, որը կիրառվել է մերձարևելյան շնչառական համախտանիշի  (MERS) բուժման համար, ինչպես նաև «Լոպինավիր/Ռիտոնավիր» դեղը՝ ՁԻԱՀ-ի դեմ:

Նշվում է, որ 10 օր վատ արդյունքներից հետո հետազոտությունների արդյունքներն այդ դեղերի կիրառումից 48 ժամ անց դրական են եղել: Մասնագետների խոսքով՝ բուժումն ու ապաքինումն արագ է ընթանում: Նրանց խոսքով՝ այդ երկու խմբի դեղերն արդյունավետ են կորոնավիրուսի բուժման համար:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 305: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 31-ին կորոնավիրուսի համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: