Բանանն անվնաս է. ՍԱՏՄ

Ինչ-որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել. Անուշ Հարությունյան

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը իր էջում «Բանանն անվնաս է» վերնագրով գրառում է կատարել` հայտնելով, որ կարանտինային հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում, բայց, չգիտես ինչու, ինչ-որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել:

«Բանանն անվնաս է !!!

Դեռևս դեկտեմբերին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ էր հայտնաբերել։ Մենք դա ընդունեցինք ի գիտություն ու, թեև Հայաստանի սահմանային հսկիչ կետերի տեսուչները ներկրվող բանանի խմբաքանակներում նման խնդիր չէին հայտնաբերել, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել էր վերահսկողությունը:

Սահմանին վերահսկողության ամբողջ ընթացակարգը այսօր էլ շարունակում է խստորեն պահպանվել, ու դա վերաբերում է ոչ միայն բանանին: Կարանտին որևէ հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում:
Բայց, չգիտես ինչու, ինչ-որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել: Հիմա էլ համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում»,- մասնավորապես գրել է Անուշ Հարությունյանը` հորդորելով չտրվել մանիպուլյացիաների:

«Նախ` սիրելիներս, բույսերի հիվանդության հարուցիչները մարդուն չեն անցնում և պտուղը ուտելիս դրանք մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր լինել չեն կարող: Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են «կարանտին» և խստորեն վերահսկվում: Իսկ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել չեն կարող, դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ»,- ասված է գրառման մեջ: