Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Նա մասնավորապես նշել է, որ այն հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին առաջին նախադասությանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
Հարգելի լրագրողներ,
խոստացել էի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել աշխատանքային օրվա վերջում։
Ծանոթանալով նշված նախագծերի փաթեթին՝ պնդում եմ, որ քաղաքական իշխանության կողմից նախագծված «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը՝ երեկ շրջանառության մեջ դրված նախագիծն առերևույթ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության հետ։
Ինչ վերաբերում է «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրավաբանական որակմանը, ապա այն սահմանադրական կարգի տապալման դասագրքային օրինակ է։
Նշենք, որ վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով (Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը) սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով (Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը) սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը:
0Comments