Վերելակի մոտ քննիչը սպառնաց դատել ինձ. Նարեկ Սամսոնյանը՝ ՀՔԾ-ում հարցաքննության մասին

Սամսոնյանը ՀՔԾ-ում սելֆի անելու հնարավորություն չի ունեցել հարցաքննությունից առաջ

Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ-ում սելֆի անելու հնարավորություն չի ունեցել հարցաքննությունից առաջ: Ներսում փորձել են վերցնել նրա հեռախոսը, սակայն ինքն այն փոխանցել է փաստաբանին: Այս մասին Սամսոնյանը հայտնեց հարցաքննությունից հետո:

Սամսոնյանը նաև ասաց, որ գրիչ է նվիրել քննիչ Լեռնիկ Ստեփանյանին, ով հրաժարվել է վերցնել:

Սամսոնյանը հայտնեց, որ ՀՔԾ հատկապես կարևորագույն գործերով քննիչ Ստեփանյանը պաշտոնական կեղծիք է թույլ տվել՝ հեռացնելով հարցաքննության ժամանակ իր պատասխանի մի մասը, որը վերաբերել է Սասուն Խաչատրյանին. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ  այս գործողությունների համար բոլոր պատասխանատու անձինք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»:

«Ես հենց սկզբից քննիչին հորդորեցի օրինազանցություն չկատարել: Նա չլսեց ինձ, խեղաթյուրեց իմ ցուցմունքը, ինչի համար պատասխանատվության է ենթարկվելու: Ես նրան հարցրեցի, թե ինչու է խմբագրել իմ խոսքը: Նաև ասացինք, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք: Դրանից հետո կանչեցին իրենց բաժնի պետին, ով փորձեց կցկտուր բացատրություններ տալ: Անկեղծ, այս տղերքը մեղք են: Նրանք որևէ կերպ չբացատրեցին իրենց արածը»:

Նշենք, որ Սամսոնյանը վկայի կարգավիճակով հարցաքննվեց գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր համար կիլոգրամը 3000 դոլարով իկռա գնելու հրապարակումից հետո:

Սամսոնյանի խոսքերով, այսօր ՀՔԾ-ում ըստ էության հաստատել են, որ նման բան կա: Նա նաև ասաց, որ ներսում չի ասել, թե որ ռեստորանից է այդ իկռան ձեռք բերվել․ «Ես նման կեղծարարության չէի սպասում: Դա ստիպում է, որ ես այլևս այստեղ չգամ: Սա քաղաքական հետապնդում է: Ես չեմ ընդունելու սպառնալիքը»:

Սամսոնյանի փաստաբանի խոսքերով, Սամսոնյանի կողմից հարցերին պատասխանելն արձանագրվել է քննիչի կողմից, կասկածներ չեն ունեցել, որ ստորագրելու են հենց տրված պատասխաններն արտացոլող տեքստի տակ. «Սակայն ավելի ուշ պարզվեց, որ Սամսոնյանի պատասխանի մի զգալի մասն առկա չէ, ինչը քրեադատավարական առումով դատապարտելի է և անընդունելի»:

Սամսոնյանը չգիտի՝ գործով մեղադրյալ կա, թե՝ ոչ, իրենց այդ մասին ինֆորմացիա չեն տվել. «Այս գործով կարող է լինել միայն մեկ մեղադրյալ, ով բավականին բարձրաստիճան պաշտոնյա է: Եթե նույնիսկ այս գործով մեղադրյալ չլինի, մի օր լինելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Ես իմ տված ցուցմունքի տակ գրել եմ, որ իմ ասած խոսքերը կեղծվել են, իմ տրված ցուցմունքն ամբողջությամբ չի արձանագրվել: Նաև գրել եմ, որ քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կեղծարար է»:

Սամսոնյանը չգիտի, թե ինչ են անելու հիմա ՀՔԾ-ում, սակայն նշեց, որ Լեռնիկ Ստեփանյանը վերելակի մոտ սպառնացել է դատել իրեն. «Ես սպասում եմ, թե ինչ հոդվածով են ինձ դատելու Լեռնիկ Ստեփանյանի գլխավորությամբ, Սասուն Խաչատրյանի ու Նիկոլ Փաշինյանի քավորությամբ: Ես չեմ բացառում, որ երկու ժամ հետո կարող եմ մեղադրյալ դառնալ, ինձ բերման ենթարկեն մասկի շոուով: Ամենակարևոր մեղադրանքի բովանդակությունն է Նիկոլ Փաշինյանին մեղադրելը»:

Տեսանյութը՝ tert.am-ի