Տրամադրված ենք շարունակել Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները. Միշուստին

Փաշինյանը գրպանից հանել է բջջային հեռախոսն ու առաջարկել սելֆի անել
Լive24.am-ը ներկայացնում է

Ալմաթիում տեղի ունեցող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջին հանդիպումը։

Պաշտոնական ձեռքսեղմումից եւ լուսանկարվելուց հետո Փաշինյանը գրպանից հանեց բջջային հեռախոսն ու առաջարկեց նաեւ սելֆի անել:

Գաղափարը դուր եկավ Միշուստինին, եւ նա հարցրեց, թե հայերեն ինչպես են ասում սելֆիին: Փաշինյանը ծիծաղելով պատասխանեց. «Սելֆին հենց հայերեն բառ է»:

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրովիչ։ Շատ ուրախ եմ ծանոթանալ Ձեզ հետ անձամբ։ Թույլ տվեք մեկ անգամ եւս Ձեզ շնորհավորել Ռուսաստանի վարչապետի բարձր պաշտոնին նշանակվելու առիթով։ Իհարկե, մեր երկրների եւ կառավարությունների միջեւ եղել եւ լինելու են ջերմ հարաբերություններ։ Բայց ես կարծում եմ, որ մենք միշտ շանս ունենք բարձրացնելու հարաբերությունների մակարդակը, եւ Ձեզ հետ համագործակցությամբ դա մեզ կհաջողվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են պլանաչափ։ Փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի ընթացքում մոտեցել է 2 մլրդ-ին։ Դա բավական լավ թիվ է։ 2020 թվականին այդ դինամիկան կպահպանվի։ «Հայաստանում 2019 թվականին մեզ հաջողվել է ստեղծել բավական լավ տնտեսական դինամիկա։  Այսօր արդեն թվերը հրապարակվել են։ Մենք 2019 թվականի արդյունքներով ունենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, եւ դա նույնպես շնորհիվ Ռուսաստանի Դաշնության հետ եւ ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ Ձեր կառավարությունը կաջակցի տնտեսական դինամիկային, որն այժմ կա Հայաստանում։ Եվ իհարկե, ես հույս ունեմ, որ շուտով մենք կհանդիպենք Երեւանում, որովհետեւ այս տարի միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի է ունենալու Հայաստանի մայրաքաղաքում»,- ավելացրել է Փաշինյանը։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին բարի խոսքերի, նշանակման առիթով շնորհավորանքների համար՝ Միխայիլ Միշուստինը նշեց, որ ջերմությամբ է հիշում ուղեւորությունը Երեւան, Հայաստան, որտեղ մասնակցել է ՏՏ համաշխարհային համաժողովին։ «Փայլուն էր կազմակերպված։ Ռուսաստանը եւ Հայաստանը կապում են շատ սերտ գործընկերային հարաբերություններ, դաշնակցային։ Մենք միասին աշխատում ենք էներգետիկայի, արդյունաբերության, մշակութային-հումանիտար ոլորտներում։ ՌԴ կառավարության նոր կազմը տրամադրված է շարունակել մեր կառուցողական հարաբերությունները։ Եվ աշխատանքային շփումները հայ գործընկերների հետ, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի շրջանակում»,- նշել է ՌԴ վարչապետը։

Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է՝ ավելի քան 26 տոկոս արտաքին առեւտրի մասնաբաժնով, Հայաստանում գործում է մոտ 2,2 հազար ռուսաստանյան ձեռնարկություն։ «2018 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել է 11 տոկոսով՝ մոտ 2 մլրդ դոլար, եւ աճը շարունակվել է անցյալ տարի։ Հունվարին 17.6 տոկոս։ Պետք է ամրապնդել դրական միտումը, որոնել նոր ոլորտներ կոոպերացիայի համար, եւ հույս ունեմ, մենք այսօր կքննարկենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը»,- ասել է Միշուստինը։ 

տեսանյութը՝ news.am-ի