Միշուստինի կոչը՝ ԵՏՄ երկրներին

ՌԴ վարչապետը խոսել է թվային ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների կոորդինացման եւ փոխգործակցության մասին

Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է մշակեն լուրջ մարտահրավերների ընդհանուր պատասխաններ՝ կապված թվային տեխնոլոգիաների զարգացման հետ։ Ուրբաթ այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Ալմաթիում, «Գլոբալ տնտեսության թվային ապագան» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ համաժողովը ազդեցիկ հարթակ է, որտեղ քննարկվում են թվային փոփոխությունների հեռանկարները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը։

«Համոզված եմ, որ այս հանդիպումը թույլ կտա մեզ գիտակցել այս հարցերի ազդեցության կարեւորությունը ԵՏՄ կայուն սոցիալ-տնտեսական զարգացման վրա եւ կնպաստի  մշակելու ընդհանուր պատասխաններ արդի շատ լուրջ մարտահրավերներին»,- ասել է Միշուստինը համաժողովի լիագումար նիստում, որին մասնակցում են նաեւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրների ներկայացուցիչները։

Համատեղ թվային զարգացում

ՌԴ վարչապետը խոսել է նաեւ թվային ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների կոորդինացման եւ փոխգործակցության մասին։ Գլխավոր առաջնահերթությունների շարքում նա նշել է էլեկտրոնային ստորագրության ճանաչումն ու տվյալների պաշտպանությունը։

«Ռուսաստանը՝ որպես թվային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, պատրաստ է կիսվել ամենաառաջավոր տեխնոլոգիաներով եւ նորարարություններով ԵՏՄ գործընկերների հետ, մենք պետք է ունենանք ընդհանուր օրակարգ այս ոլորտում, քանի որ թիվը դարձել է գլոբալ մրցակցության առանցքային տարրը, եւ այդ գլոբալ մրցակցությանը մենք պետք է ոչ միայն դիմանանք, այլեւ հաղթենք»,- հայտարարել է Միշուստինը։

 Նրա խոսքով՝ «Միության չորս հիմնական ազատությունները՝ աշխատուժի շարժը, կապիտալի շարժը, ծառայությունների եւ ապրանքների շարժը, պետք է ամրացվեն ընդհանուր թվային պլատֆորմով»։ Միշուստինը փաստել է, որ «արդեն շատ բան արված է»։ Օրինակի համար նա նշել է աշխատանքի տեղավորման համակարգի միասնականացումը, թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծումը, ապրանքների հսկման եւ մակնշման համակարգը, մաքսային, հարկային եւ բանկային հարցերում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակումը։ «Ավելին, մենք միասին աշխատում ենք միասնական տեղեկատվական ինտեգրված համակարգ ստեղծելու ուղղությամբ»,- նշել է ՌԴ վարչապետը։

Նրա կարծիքով՝ թվայնացման ոլորտում առաջնային դիրքերի հասնելը Եվրասիական տնտեսական միության երկրներից պահանջում է «առաջադրել ավելի հավակնոտ խնդիրներ մարդկանց կյանքի եւ բիզնեսի վարման լավագույն պայմանների ստեղծման համար»։ Որպես այդպիսին Միշուստինը նշել է «թվային նույնականացման միասնական համակարգի ձեւավորումը»։ «Մարդկանց, ընկերությունների միասնականացված, պաշտպանված վիրտուալ պրոյեկցիաները ԵՏՄ ամբողջ տարածքում կծառայեն որպես մեկնակետ մեր համատեղ թվային պլատֆորմի ստեղծման համար։ Բնականաբար, մենք պետք է խոսենք էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչման մասին Միության ամբողջ տարածքում»,- ընդգծել է Ռուսաստանի վարչապետը։ Նա կարծում է, որ այս թեման պետք է լրջորեն քննարկել եւ ընդունել համապատասխան որոշում։ Նա նշել է եւս մեկ ուղղություն՝ տվյալների պաշտպանությունը։ «Փաստաթղթերի էլեկտրոնային ողջ շրջանառությունը պետք է վարել վստահելի, ունիվերսալ միջպետական միջավայրում, որը կաշխատի ընդհանուր չափորոշիչներով»,- կարծում է Միշուստինը։ Նա ավելացրել է, որ այդ չափորոշիչների մասին նույնպես Միության երկրները պետք է պայմանավորվեն, «այլապես մենք պարզապես միմյանց չենք ճանաչի», ինչը սպառնալիք է ինտեգրման համար։

«Մենք պետք է շարունակենք աշխատանքը ապրանքների եւ ծառայությունների շարժի հսկման փաստագրական ֆիզիկական համակարգի ուղղությամբ, որը կհենվի ընդհանուր թվային պլատֆորմի վրա»,- ասել է ՌԴ վարչապետը։ Նրա կարծիքով՝ «թվային զարգացման խթանման համար պետք է իրականացնել բոլոր տեխնոլոգիական ռեսուրսների, հնարավորությունների գույքագրում, բացել տեխնոլոգիաների ոլորտում իրավասությունների համատեղ կենտրոն»։ «Չէ՞ որ ԵՏՄ-ն մինչեւ այժմ չունի ոչ ծրագրային ապահովում, ոչ թվային անվտանգության սեփական համակարգ»,- ասել է Միշուստինը։ Նա նշել է, որ Միության երկրները «պետք է ստեղծեն պայմաններ, որոնք թույլ կտան տաղանդներին ստեղծել եւ զարգացնել թվային սթարտապեր Միության տարածքում»։