Եթե վարչապետն առավոտ շուտ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Հանրայինի այդ հաղորդումը, ակնհայտ չէ՞, որ պատվեր է. Ամրամ Մակինյան. 168.am

Ականատես ենք լինում սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման փորձի. պաշտպան
Լive24.am-ը ներկայացնում է

Այսօր ականատես ենք լինում սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման փորձի, 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասել է ՍԴ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Արդեն իսկ գործադիր իշխանության ղեկավարը և օրենսդիրից որոշ ներկայացուցիչներ չեն խորշում ուղիղ սպառնալիքներով, հորդորներով, ինչ-որ օրենքներ մշակելով՝ Սահմանադրական դատարանը (ՍԴ) կազմալուծել, յուրացնել դատական իշխանությունը ՀՀ-ում: Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ սա շատ վտանգավոր պրոցես է: Եկեք ֆիքսենք, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և մի անձը չի կարող որոշել ՀՀ ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, իրեն դասել օրենքից վեր»,- խոսելով ՍԴ նախագահի մասին այսօր առավոտյան վարչապետի կատարած գրառման մասին, որում վերջինս պնդում էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ ու որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ, ասել է Ամրամ Մակինյանը։

Վերջինս նշել է, որ սրա հետևանքները դեռ իրենց զգացնել են տալու, և ՀՀ-ն կարող է հայտնվել «իրավական բեսպրեդելի» մեջ:

Հարցին, թե պետության ղեկավարին, ըստ էության, ծանր հանցակազմ վերագրելով՝ չի՞ վախենում արդյոք, որ դրան կհետևեն ճնշումներ, օրինակ, կարգապահական վարույթների կամ անգամ արտոնագրից զրկվելու տեսքով, Ամրամ Մակինյանը պատասխանել է, որ, եթե նժարի մի կողմում դրված է ՀՀ ազգային անվտանգությունը, իսկ մյուսում՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, կարող է ամեն ինչ էլ լինել:

«Կարող է այս տաղավարից դուրս գանք ու, ասենք, գործադիրը որոշի, որ արդեն իրավապաշտպաններին պետք է բերման ենթարկի հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ»,- ասել է պաշտպանը:

Ամրամ Մակինյանը համոզված է, որ չի կարելի լռեցնել ազատ խոսքը: «Ի՞նչ է նշանակում՝ առավոտյան վեր կենալ ու ասել՝ այս մարդը ուզում եմ աշխատի, այն մարդը՝ ոչ: Չկա՛ այսպիսի բան: Ամբողջ աշխարհում չի կարող նման բան լինել»,- նկատեց փաստաբանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահի մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»–ի թողարկմանը՝ Ամրամ Մակինյանը շեշտել է, որ Հանրային հեռուստաընկերությունից որևէ մեկն իրենց չի դիմել, չեն ցանկացել լսել նաև իրենց կողմի կարծիքը, նրանց չեն հետաքրքրել իրենց հակափաստարկները:

«Ակնհայտ չէ՞, որ պատվեր է: Եթե ՀՀ վարչապետն առավոտ շուտ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Հ1-ի այդ հաղորդումը, ակնհայտ չի՞՝ ինչի մասին է խոսքը»,- ասել է Ամրամ Մակինյանը: