«Չեմ ուզում խոսել». Աղասի Ենոքյանն ուղիղ եթերում զանգահարեց Արա Շիրինյանին

Ենոքյանն էլ ասաց, որ այս թեման չի փակվելու. «Պատասխանատուներն ասում են, որ իրենք չեն պատասխանատուները, բայց հիշեցնեմ, որ չի կարելի սա թողնել փակված»

Հանրային հեռուստատեսության «Լուրեր» բաժնում թողարկված աղմկահարույց ռեպորտաժի մասին ֆեյսբուքյան լայվով այսօր՝ հունվարի 30-ին, խոսեց նաեւ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

«Հանրային հեռուստատեսությունը մի խայտառակ ռեպորտաժ պատրաստեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ։ Դատական գործը չավարտված, սկսեցին խայտառակ մեղադրանքներ հնչեցնել հեռուստատեսությամբ՝ պատասխանի իրավունք չտալով, երկկողմանի մոտեցումներ չցուցաբերելով»։

Աղասի Ենոքյանը զանգահարեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար. «Կուզեի այս ուղիղ եթերով կապ հաստատել հեռուստատեսության պատասխանատուներից որեւէ մեկի հետ, որոշեցի ամենահարմարը կլինի կապ հաստատել Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, որովհետեւ Պետրոս Ղազարյանին բազմիցս ասվել է, բայց էական փոփոխություն չենք նկատում»։

Արա Շիրինյանն էլ ասաց, որ չի ցանկանում այդ թեմայի մասին խոսել. «Ես չեմ ուզում այդ թեմայից խոսել, որովհետեւ դա ինձ չի վերաբերում»։

Ենոքյանն էլ ասաց, որ այս թեման չի փակվելու. «Պատասխանատուներն ասում են, որ իրենք չեն պատասխանատուները, բայց հիշեցնեմ, որ չի կարելի սա թողնել փակված»։