Ինտելեկտուալ պոտնցիալի միջոցով կարող ենք հասնել հաջողության․ աստղաբան

Բազմաթիվ բարդություններով պետք է զարգանա Հայաստանի Հանրապետությունը՝ հաղթահարելով շատ տարբեր վտանգներ

Երբ ցանկացած երևույթի, պետության համար կազմում ենք անհատական հորոսկոպ, հաշվի ենք առնում տվյալ պահին մոլորակների դիրքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Աննա Հախվերդյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության օրվան։

Աստղաբանի խոսքով, եթե մոլորակները գտնվում են իրենց անկման մեջ, ապա դա նշանակում է՝ տվյալ երկրի համար բարդություններ կլինեն. «Հայաստանի Հանրապետությունը նայում ենք 1991 թվականի սեպտեմբերի 21-ի տվյալով, ծագող Այծեղջյուր է, և արեգակը գտնվում է կույսի մեջ։ Կույսի մեջ է գտնվում նաև Յուպիտեր մոլորակը, որն արդարադատության, երկրի զարգացման, սահմանների ընդլայնման, բարեկեցության ցուցանիշ է։ Դա ևս վատ դիրքում է, քանի որ կույսը դրա վտարման, անկման նշանն է։ Դրա պատճառով էլ ունենք որոշակի բարդություններ»,-նշեց աստղաբանը։

Նա նկատեց՝ վատ վիճակում է նաև Կշեռքում գտնվող Մարս մոլորակը, որը խորհրդանշում է երկրի զինված ուժերը, ինչն էլ նշանակում է, որ հիմնականում այս երկիրը ցանկանում է ցանկացած ռազմական հակամարտություն լուծել բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով։

«Միակ լավ, փայլուն մոլորակը, որ կա Հայաստանի երրորդ Հանրապետության քարտեզում դա Մերկուրի մոլորակն է, որը գտնվում է Կույսում՝ իր բարձրագույն տեղում։ Սա նշանակում է՝ ինտելեկտուալ պոտնցիալի միջոցով կարող ենք հասնել հաջողության»,-ասաց աստղաբանը՝ ընդգծելով, որ կա նաև ընդգծված Այծեղջյուր նշանը, որը խորհրդանշում է որոշակի արգելքներ. «Սա նշանակում է, որ բազմաթիվ բարդություններով պետք է զարգանա Հայաստանի Հանրապետությունը՝ հաղթահարելով շատ տարբեր վտանգներ։ Ընդ որում` դրանք նաև գաղափարական վտանգներ են»,-հավելեց աստղաբանը։

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում