Դուք սրբություն չունեք. Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

Փաստորեն, դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետեւ թույլ եք տվել, որ 25 տարի Հայաստանում քայքայիչ կազմակերպություն գոյություն ունենա

«Բաց հասարակություն-հիմնադրամներ»-ի գրասենյակն իր գոյության ողջ ընթացքի 5 տոկոսն է  մեր իշխանության շրջանում , 95 տոկոսը՝ նախկինների, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում սորոսական: Ես ասեմ, որ սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով, այդ թվում այն իշխանության ժամանակ, որի ներկայացուցիչ է եղել ձեր («Իրավունք») թերթի հիմնադիրը: Եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել, կամ շրջապատից են: Ինչո՞ւ չեք փակել: Փաստորեն, դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետեւ թույլ եք տվել, որ 25 տարի Հայաստանում քայքայիչ կազմակերպություն գոյություն ունենա: Ուրեմն նախ սկսենք ձեզանից»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր հանրապետականները, նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ պետք է պատասխան տան, թե ինչու նախկինում չէին փակում այդ հիմնադրամը. «Երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները: Ի՞նչ է նշանակում սորոսական: Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որեւէ քաղաքացու հասցեին քամահրական ու արհամարհական ասեն, որովհետեւ նման բան ասողները կոռումպացված հանրապետականներ են, նրանք պետական դավաճաններ են, ովքեր այդ դավաճանական կառույցին թույլ են տվել գրանցվել ու գործունեություն ծավալել Հայաստանում: Եկեք հետաքննություն սկսենք, թե այդ մարդկանցից քանիսն են գրանտ ստացել այդ կազմակերպությունից, ինչքա՞ն են սնվել: Եկեք սկսենք ու բացենք այդ խոսակցությունը: Գնացեք, այդ հարցերի պատասխանը ձեր լրատվամիջոցի ղեկավարության քաղաքական շրջանակից պահանջեք: Եթե նրանց ասածը ճիշտ է, նրանք իրենց իշխանության ընթացքում գործել են ընդդեմ Հայաստանի եւ ժողովրդի ու պետք է պատասխանատվության ենթարկվեն, նախ՝ բարոյական»։

Վարչապետն ասաց, եթե «սորոսական» ասելով նկատի ունեն՝ պետության դեմ գործող, ապա ամենամեծ «սորոսականը» նախկին իշխանությունն է.

«Դա նշանակում է, որ դուք սրբություն չունեք, ձեզ համար ամեն ինչ փողով է չափվում, դուք դա արել եք, որպեսզի միջազգային կազմակերությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ավելի մեղմ զեկույցներ գրեն ձեր մասին, ձեր կաշառքների նկատմամբ աչք փակեն: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք սորոսական ասելով: Եթե դա ասելով նկատի ունեք պետության դեմ գործած, ուրեմն դուք եք ամենամեծ սորոսականները եւ արմատախիլ անելու պրոցեսը պետք է սկսել ձեզանից, ձեր շոշափուկներից, քանի դուք թալանչի, սրիկա, դավաճան մարդիկ եք»։