2020-ին բեկումնային փոփոխություններ են լինելու` քաղաքական, սոցիալական կյանքում. աստղաբան

Տարվա ամենալարված ամիսն, ըստ աստղագետի, լինելու է մարտը. այն նպաստելու է լարված միջանձնային հարաբերություններին

Նոր տարին լուսնային օրացույցով սկսվում է հունվարի 25-ին. լրագրողների հետ զրույցում հայտնում  է աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ, բիոէներգետիկ Աննա Հախվերդյանը: Նրա խոսքով՝ 2020-ը բեկումնային տարի է լինելու:

«2020-ը մետաղական մկան տարի է, կարևոր ժամանակահատված է: Այս տարի չափազանց հզոր է լինելու մետաղը, այն ռազմական գործողությունների խորհրդանիշ է, քանի որ զենքի հիմնական նյութն է, դրա պատճառով այս տարվա ընթացքում ակնկալվում է ռազմական որոշակի լարվածություն, հակամարտության նոր օջախների ձևավորում, որը տեսանք հունվարի սկզբին, երբ լարված իրավիճակ էր ստեղծվել Իրանի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Սատուրնի և Պլուտոնի միությունն էր  Այծեղջյուրում, ինչը կկրկնվի  ամառվա ընթացքում»,- պնդում է աստղաբանը:

Աննա Հախվերդյանի կանխատեսմամբ՝ բեկումնային փոփոխություններ են լինելու քաղաքական, սոցիալական կյանքում, իսկ տնտեսական փոփոխություններ Հայաստանում նախատեսվում են աշնանը:

«Տարվա ընթացքում կրակի էլեմենտը բացակայում է, այդ է պատճառը, որ աշխարհում  տնտեսական մեծ զարգացում այս տարի ակնկալել չարժե: Զարգանալու է էլեկտրոնիկան, մետաղամշակությունը՝ ծանր մետալուրգիան, և տուրիզմը: Յուպիտեր մոլորակը մտել է Այծեղջյուրի համաստեղություն, իսկ Հայաստանը նաև դրա ազդեցության տակ է, աշնանը կարելի է սպասել տնտեսական զարգացում մեր երկրում: Թռչող աստղերի տեսությունից ելնելով՝ 5-րդ  վնասակար աստղը գտնվում է արևելյան հատվածում, արևելյան երկրները գտնվելու են անկումային վիճակում: Հայաստանի համար դա նպաստավոր է, քանի որ մեր հիմնական հակառակորդը գտնվում է մեզանից արևելք: Արևմտյան երկրները բավականին լավ վիճակում են գտնվելու: Արևմուտքում գտնվում է ծաղկող, բարգավաճող 9-րդ մանուշակագույն աստղը:

2020-ի ամենալարված ամիսը, ըստ աստղագետի, լինելու է մարտը: Այն նպաստելու է լարված միջանձնային հարաբերություններին.

«Ամբողջ ամսվա ընթացքում ձևավորվում է «սիրո բացակայության պատիժ»: Այդ ժամանակ միջանձնային հարաբերությունները լարված են լինում, մարդիկ իրար դժվար են հասկանում, լինում են վեճեր, ընդհարումներ, այդ ամսվա ընթացքում խորհուրդ չեմ տա ամուսնանալ, մարտ ամսվա ամուսնությունները այս տարի անհաջող են լինելու: Սա վերաբերում է նաև երկրների հարաբերություններին»:

Աննա Հախվերդյանը բեկումնային տարի է կանխատեսում Այծեղջյուրների համար, պնդում է՝ «նրանց նկատմամբ տարին բարեհաճ կլինի: Ըստ աստղագետի՝  տարին դրական է լինելու նաև Ձկների, Կարիճների, Ցուլերի, Կույսերի համար: Ջրհոսները պետք է զգույշ լինեն:  Ցուլերի կյանքում ևս մեծ փոփոխություններ են սպասվում, հատկապես բիզնեսում: Արևելյան կենդանակերպի նշաններից հաջողություններ են սպասվում  Նապաստակի, Այծի, Ցուլի, Մկան նշաններին: Այս տարի ամենաշատը կհարստանան Այծերը, Մկները, Վագրերը, Նապաստակները և Վիշապները: Շանը և Վիշապին սպասվում է անակնկալ՝ հայտնի դառնալու հնարավորություն»: 2020-ը անձնական կյանքում փոփոխությունների բարեհաջող տարի է լինելու  Աքլորների, Ցուլերի, Նապաստակների և Այծերի, առողջության տեսանկյունից՝ Նապաստակի և Վիշապի համար: Իշխանության կհասնեն Մկները, Այծերը, Կապիկները, եթե, իհարկե, ձգտում են դրան:

Աստղաբանը զգուշացնում է նաև, որ 2020-ին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են: