Պարոն նախարար ջան, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Դուք հաճախ չեք գիտակցել, որ մեկուկես տարուց ավելի իշխանություն եք և չկան այլ իշխանություններ, ում դեմ պետք է պայքարել: Այս մասին Ազգային ժողովի դահլիճում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
«Դուք պետք է կառուցեք, համակարգեր ներդնեք, եթե կան խնդիրներ հին գործիքներով նոր արդյունքի չենք կարող հասնել, որովհետև մենք միասին էինք պայքարում այդ խնդիրները այդ գործիքներով լուծելու դեմ: Մեզ մեղադրում եք, թե ինչ հռետորաբանության մեջ եք մնացել: Հարգելիներս, սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս»,-ասաց նա և ծոցագրպանից հանեց բումերանգ:
«Այդ զե՞նք եք բերել Ազգային ժողովի դահլիճ»,- հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ինչին Գևորգ Գորգիսյանն արձագանքեց.«Հուշանվեր է, պարո՛ն Միրզոյան»:
Շարունակելով իր ելույթը, Արարատ Միրզոյանը կոչ արեց հարգել ինստիտուտները և այս ամբիոնից Ազգային ժողովի հետ չխոսել քամահրանքով, բարձր տոնայնությամբ և վերևից: «Չի կարելի անընդհատ հետ գնալ նույն երկխոսության, թե ով է սև, ով՝ սպիտակ, ով է հին, ով է նոր»,-հավելեց նա:
Ելույթից հետո Արարատ Միրզոյանը կատակեց.«Պարոն Գորգիսյան ջան, հարց չկա, ավելի մեղմ իրար նկատմամբ դիրքավորվենք, բայց էլ զենք մի բերեք Ազգային ժողովի դահլիճ»:
0Comments