Ծիտիկներին ասել եմ՝ շան տեղ չդնել, թող դիմեն, կարող են նաև ՄԱԿ-ին դիմել

Եթե ինչ-որ մեկին մի բան եմ ասում, ապա ասում եմ՝ ուղիղ, ու դա հայտնի է

Եթե ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին ասելու բան ունենամ, ապա այստեղ կասեմ, որեւիցե ձեւով անհանգստանալու բան չունեմ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն տեսակետին, թե ֆեյսբուքյան իր էջում իր կողմից կատարված մեկնաբանությունը պետք է քննի Էթիկայի  հանձնաժողովը։

«Ես նման բան Արզումանյանի հասցեին չեմ գրել, ես նրան պատասխանել եմ՝ դուք-ով։ Հետագայում, որ խոսքը գնացել է ծիտիկների մասին, ասել եմ՝ ծիտիկներին շան տեղ պետք չէ դնել։ Եթե ինչ-որ մարդիկ կան, որ ծիտիկների հետ կապված ուզում են դիմել էթիկայի հանձնաժողովին, որ ծիտիկներին ասել եմ՝ շան տեղ չդնել, դեմ չեմ, թող դիմեն, կարող են նաեւ ՄԱԿ-ին դիմել եւ կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպություններին»,- ասաց ԱԺ  փոխնախագահը։

Նա նշեց, եթե որեւէ մեկին ինչ-որ ասելու բան ունենա, ապա՝ կասի. «Տիկին Արզումանյանի հետ իմ զրույցն ավարտել եմ այն պահին, երբ իր հարցին՝ դուք-ով պատասխանել եմ։ Եթե ինչ-որ մեկին մի բան եմ ասում, ապա ասում եմ՝ ուղիղ ու դա հայտնի է։ Եթե Արզումանյանի թե այլ մեկի բան ասելու ունենամ, ապա այստեղ կասեմ, որեւիցե ձեւով անհանգստանալու բան չունեմ»։