Եթե պայմանը չընդունեն՝ պահանջն այսօրվանից է գործելու. վարչապետը՝ ցուցարարներին

Պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները

«Երեկ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ես սպանդանոցների վերաբերյալ առաջարկ ներկայացրի, և մեր առաջարկին արձագանքը առնվազն բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից»,-այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանւ:

Վարչապետը նշեց, որ ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող ենք հարստացնել այդ փաթեթը, որ առավել արդյունավետ լինի:

«Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին, և որևէ ցույց չի լինելու:

Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»,-ասաց նա և Սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները: