Որոշ անձանց, այդ թվում՝ դատարանին, անհրաժեշտ է ոչ թե՝ կենդանի, այլ՝ մահացած Մանվել Գրիգորյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ թույլ չեն տալիս, որ Գրիգորյանը գնա Ֆրանսիա, արժանապատիվ բուժվի, գա, ներկայանա արդարադատությանը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ փոխվեց, ու Գրիգորյանը ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Բայց այս մեկ շաբաթում Գրիգորյանի վիճակում դրական տեղաշարժ չկա:

Ըստ փաստաբան Լևոն Բաղդասարյանի՝ Մ. Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել և 24-ժամյա ռեժիմով օգտվում է թթվածնային սարքից:

Փաստաբանի խոսքով, դրան զուգահեռ՝ Գրիգորյանի գործով ոչ թե դատավարություն է ընթանում, այլ տևական խոշտանգում, այն էլ՝ երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ:

«Որոշ անձանց, այդ թվում՝ դատարանին, անհրաժեշտ է ոչ թե՝ կենդանի Մանվել Գրիգորյանը, այլ՝ մահացած Մանվել Գրիգորյանը, երևի այն սկզբունքով, որ «չկա մարդ, չկա խնդիր»»,- ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Մոտ 10 ամիս գտնվելով քաղաքացիական հիվանդանոցում, Գրիգորյանի մոտ արձանագրվել էր հիվանդությունների աճ: Անգամ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթ առաջ փաստել էր, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ: Այդուհանդերձ, երեկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մանուկյանի նախագահությամբ, մերժել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ թույլ չեն տալիս, որ Գրիգորյանը գնա Ֆրանսիա, արժանապատիվ բուժվի, գա, ներկայանա արդարադատությանը, քանի որ իրենց հենց այդ տարբերակն է հարմար՝ Գրիգորյանին առնչվող գործի հենց սկզբում իրականացրած քայլերն արդարացնելու համար:

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին դիմեմ վարչապետին, որպեսզի վերջինիս անմիջական հանձնարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական տա Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որ, մեր կարծիքով, տեղի են ունեցել և ունենում լիազոր մարմինների կողմից»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում