Գեորգի Կուտոյանն ընդհանրապես խմիչք չէր օգտագործում

Այսօր ԱԱԾ-ն թիրախավորված է, և, ըստ օդում կախված լուրերի, կա ուղիղ հանձնարարական՝ թափանցել ԱԱԾ. Գուրգեն Եղիազարյան

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, իմ տեղեկություններով,  ընդհանրապես խմիչք չէր օգտագործում»,- ասաց ծառայության նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

«Այդ մասին վաղուց գիտեի, որովհետև երբ նա ընտրվեց, նրա մասին մի քանի բան ասացին ինձ, այդ թվում՝ և այն, որ խմիչք չէր օգտագործում։ Նրա մահվան հետ կապված  տեղեկությունները, որը մեզ հասել են, ինձ թույլ են տալիս ենթադրելու, որ մենք գործ ունենք ինքնասպանության հետ, իսկ այդ դեպքում պետք է պարզել՝ որն է պատճառը. չէ՞ որ մարդիկ հենց այնպես ինքնասպանություն չեն գործում»,- ասաց  Եղիազարյանը՝ նշելով, որ թեև անձնապես չի ճանաչել Գեորգի Կուտոյանին, սակայն ճանաչել է վերջինի պապիկին, որին, եթե բնութագրելու լինի, կասի հետևյալը՝ գերազանց անձնավորություն է։

Ազգային անվտանգության  ծառայության նախկին տնօրենն ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա։

Նա նշեց, որ այսօր ԱԱԾ-ն թիրախավորված է, և, ըստ օդում կախված լուրերի, կա ուղիղ հանձնարարական՝ թափանցել ԱԱԾ։

«Սորոսականների նպատակն է՝ թափանցել ԱԱԾ և տիրանալ Ազգային անվտանգության ծառայության գործակալական ցանցին և արխիվին»,- խոսքը եզրափակեց  Եղազարյանը։

Նյութի աղբյուրը՝  168.am