Ստյոպա Սաֆարյանը և Դանիել Իոաննիսյանը ցուցմունք կտա՞ն Կուտոյանի մահվան դեպքով. 168.am

Հուսով ենք՝ Հանրային խորհրդի վերոնշյալ երկու ներկայացուցիչների այդ հայտարարություններով կզբաղվեն ՀՀ իրավապահ մարմինները

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ կասկածելի հանգամանքներում մահվան վերաբերյալ լուրն ու գրել․ «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել… Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին…»։

Իսկ Հանրային խորհրդի նորանշանակ անդամ, «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը  դեպքից գրեթե անմիջապես հետո գրում է.

«Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրատաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան: Ողորմի»:

Հետաքրքիր է՝ այս երկու հասարակական գործիչները ի՞նչ գիտեն տեղի ունեցած դաժան դեպքի մասին։ Այն դեպքում, երբ հասարակությունը, հասարակական-քաղաքական ողջ դաշտը սարսափելի այս լուրին է հետևում, գործող իշխանությունների քարոզչությամբ զբաղվող այս երկու գործիչները շտապում են ուղղորդել տեղի ունեցածը։ Իսկ միգուցե հրահա՞նգ է եղել՝ տարբեր ուղղություններով շեղել կատարված ողբերգությունը։ Առավել ևս, որ ֆեյսբուքյան հանրությունը քննարկում է, թե հետհեղափոխական Հայաստանում արդեն որերորդ բարձրաստիճան նախկին պաշտոնյայի՝ կասկածելի հանգամանքներում մահվան դեպքն է։

Իսկ վերջին երկու տարում սա պետական՝ ուժային համակարգին առնչվող երրորդ աղմկահարույց մահն է.

2019 թ. սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

2019 թ. նոյեմբերի 28-ին, Ռուսաստանի Դաշնությունի շինություններից մեկում գազի պայթյունի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում, ինչի հետևանքով մահացել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:

Հուսով ենք՝ Հանրային խորհրդի վերոնշյալ երկու ներկայացուցիչների այդ հայտարարություններով կզբաղվեն ՀՀ իրավապահ մարմինները՝ պարզելու, թե ինչ գիտեն Գեորգի Կուտոյանի դաժան մահվան մասին։