«Աստված կպատժի ձեզ հովանավորողներին»․ Ռազմիկ Աբրահամյանը՝ «Հայոց մայրեր» ՀԿ-ին

ՀԿ-ի անդամները, որոնք պնդում են, որ ապօրինի որդեգրվել են նաև իրենց երեխաները, Ռազմիկ Աբրահամյանին հարցրին, թե որտեղ են իրենց երեխաները

Այսօր տեղի ունեցավ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի դատական նիստը։ Նա մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրման գործով։

Դատական նիստից հետո «Հայոց մայրեր» ՀԿ-ի անդամները, որոնք պնդում են, որ ապօրինի որդեգրվել են նաև իրենց երեխաները, Ռազմիկ Աբրահամյանին հարցրին, թե որտեղ են իրենց երեխաները։

«Ձեզ առողջություն եմ ցանկանում։ Իսկ ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»,- պատասխանեց Ռազմիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով:

Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ,  մերժել էր  նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը:

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ. Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: