ԱՄՆ-ն պետք է դուրս գա տարածաշրջանից. դա ձեռնտու է հենց ամերիկացիներին. Ռոհանի

Գեներալ Սոլեյմանիի նահատակությունն անպատասխան չի մնա. ռազմական պատասխան կտրվի. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին զգուշացրել է տարածաշրջանում ռազմական միջամտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով, որ դա կօգնի վերականգնել տարածաշրջանային անվտանգությունն ու ձեռնտու է հենց Վաշինգտոնին, հաղորդում է PressTV-ը:

Նրա խոսքով՝ անկայունությունը, որն այժմ սպառնում է տարածաշրջանին, սպառնում է Ասիային, Եվրոպային եւ նույնիսկ հենց Ամերիկային: Ռոհանին նշել է, որ տարածաշրջանում ամերիկյան ուժերը բախվում են վտանգի հետ, որը կարող է սպառնալ եվրոպական զորքերին: «Վերականգնել անվտանգությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք լքեք տարածաշրջանը ոչ թե պատերազմով, այլ իմաստուն քայլ կատարելով: Դուք ինքներդ կշահեք դրանից»,- հավելել է Ռոհանին:

Նա նաեւ անդրադրաձել է Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ Իրանի վերջին հարվածներին, որոնք ձեռնարկվել են՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության:

«Գեներալ Սոլեյմանիի նահատակությունն անպատասխան չի մնա: Ռազմական պատասխան կտրվի»,- ասել է նա՝ նշելով, որ Իրանի հարվածները ցույց են տվել, որ Իրանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի հանցագործությունները: