Ցուցարարների ուղղությամբ չեն կրակել. Իրանի ոստիկանությունը հերքում է

Համացանցում տարածված տեսանյութերում լսվում են կրակոցի ձայներ, երևում են արյան հետքեր

Իրանում ոստիկանությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրը, թե անցած հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային ցույցերի և բողոքի ակցիաների ժամանակ իրավապահները կրակել են ցուցարարների ուղղությամբ:

Ինչպես նշում է reuters.com-ը, համացանցում տարածված տեսանյութերում լսվում են կրակոցի ձայներ, երևում են արյան հետքեր:

«Ցույցերի ժամանակ ոստիկանությունն ընդհանրապես չի կրակել, քանի որ մայրաքաղաքում ծառայություն իրականացնող իրավապահներին կարգադրել էին «զուսպ» լինել»,- հայտարարել է Թեհրանի ոստիկանության ղեկավար Հոսեյն Ռահիմին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի մայրաքաղաք Թեհրանում կիրակի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Ըստ Live24.am-ի՝ ցուցարարները պահանջել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը և հակակառավարական կարգախոսներ հնչեցրել: 

Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին երկրի իշխանությունների սխալի պատճառով տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները խոստովանել են, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:

«Նրանք մեզ ստում են՝ ասելով, թե ԱՄՆ-ն մեր թշնամին է, մեր թշնամին այստեղ է: Դուք մեր «Իսլամական պետություն»-ն եք (նկատի ունի ահաբեկչական խմբավորումը-tert.am)»,- նշել է ցուցարարներից մեկը:

Նշենք, որ ցույցեր են անցկացվել Իրանի ևս մի քանի քաղաքում: