Կփակվեն նաև Եղվարդի, Մասիսի, Վարդենիսի, Թալինի և ևս 3 ծննդատներ

Հետո դպրոցներ կփակվեն՝ կասեն՝ քիչ աշակերտ է, ինչպես հիմա են ասում՝ քիչ ծնունդ է

Պատերազմական տարիներին,  անգամ  գնդակոծության ժամանակ,  ոչ մի դպրոց  չփակվեց։Գյուղեր կային, որ դպրոցում մի քանի աշակերտ էր, բայց դպրոցները չփակվեցին։ Հետագայում էլ այդպես էր։ Սահմանամերձ տարածքն ամրապնդելու միջոցը մի աշակերտով դպրոցը, հինգ հիվանդով հիվանդանոցը պահելն էր։

Դա հող է։ Երբ «հողը սահում է», ծառեր են տնկում, որ հողը  պահի, որ հողը ամրանա։

Այսօր բարեփոխումների անվան տակ ծննդատներ են փակվում։ Հետո դպրոցներ կփակվեն՝ կասեն՝ քիչ աշակերտ է, ինչպես հիմա են ասում՝ քիչ ծնունդ է։ Աչաջրում, Մարալիկում ծննդատներ փակելը գիտե՞ք ինչ է նշանակում, պարոն նախարար։

Սահմանամերձ  տարածքներում ծննդատուն փակելու իմաստը չեմ ուզում բացատրել։ Դուք փոքր եք եղել, չեք հիշում, բայց ասեմ, որ պատերազմի ժամանակ ուսուցիչներն ու բժիշկները համարյա անվճար էին աշխատում, որովհետև գիտակցում էին, որ հողը «ամրացնել է պետք»։

Այսօր մի փոքրիկ գրառում կարդացի, գուցե դուք էլ կարդաք և իմանաք, որ մարդիկ գիտակցում են, որ մեր հողը պահել է պետք՝ հենակետերով՝ դպրոցով, հիվանդանոցով, կուլտուրայի օջախներով։Այդ հենակետերը, այն էլ՝ աշխատող,վերացնելով, դուք բացում եք սահմանի դարպասները, առանց չափազանցության։

Սա բարեփոխու՞մ է, թե՝ քաղաքականություն։   

Nune Nersisyan

Փաստորեն այս երկրում դեռ մարդկությունը չի վերացել: Դեռ կան մարդիկ, ովքեր կարիք ունեն աշխատավարձի, սակայն անվճար աշխատում են , ծնունդ են ընդունում: Ու հենց միայն նրա համար , որ նախարարը պարգևավճարներ ստանա, դե տոներ էին՝ ծախսեր,պակասորդ: Մարալիկ ԱԿ

Մարալիկում և Աչաջրում առանց աշխատավարձի ծնունդ են ընդունում։ Սա նույն պատերազմական վիճակի հոգեբանությունն է։ Սահմանապահ զինվորների նման ներքին ենթագիտակցությամբ  հողը պահում են նրանք։ Արժանի են նրանք բժշկի կոչմանը։ Գուցե դրանից մի փոքր ցավ զգաք, թեև չեմ հավատում։

Հասմիկ Բաբաջանյան

Hraparak.am

Ըստ որոշ աղբյուրների, Աչաջրի ու Մարալիկի ծննդատներից բացի՝ փակվելու են նաև Եղվարդի, Մասիսի, Վարդենիսի, Թալինի և ևս 3 ծննդատներ։