Մենք երբևէ մենակ չենք, հատկապես՝ փորձությունների մեջ, հատկապես՝ ընտրություն կատարելիս

Աստված ժպտում է և ասում. «Դրանք քո ոտնահետքերը չեն, այլ Իմ. ամեն անգամ, երբ դու դժվարությունների մեջ ես հայտնվել, Ես քեզ գրկած եմ առաջ տարել»

Վերջերս հաճախ եմ մտածում՝ ինչպիսին կլիներ մեր կյանքը, եթե մենք պարբերաբար դժվարությունների չհանդիպեինք, չլուծեինք անլուծելի թվացող խնդիրներ, չանցնեինք ամենատարբեր փորձությունների միջով... Մենք չէինք ունենա հաղթանակներ, և որ ավելի կարևոր է՝ պարտություններ: Մենք չէինք աճի, չէինք հասունանա, կմնայինք ծանծաղ, առանց խորության: Մենք չէինք ճաշակի պտուղներն իմաստնության: Չէինք ճանաչի մեզ և աշխարհը մեր ներսի: Թե երբևէ չապրեինք ցավեր, չէինք կարողանա սուզվել ու հասնել կյանքի հատակին ու վերջապես ընկնել մեզ Արարողի հոգատար ափերի մեջ:

Ամեն անգամ, երբ ինքս որևէ դժվարության եմ հանդիպում, իհարկե, ինչպես շատ շատերը, ես նույնպես նախ տագնապում եմ, վախենում կորստից, վախենում այլևս երբեք լույսի չհանդիպելուց: Բայց հետո հիշում եմ ցավի և դժվարությունների մասին երբևէ լսածս ամենազգացմունքային առակը: Մեծ հույս ունեմ, որ եթե այս նյութն ընթերցողներից ոմանք ներկայումս ապրում են իրենց կյանքի ծանր շրջանում, պատմությունը կարդալիս թեթևություն կզգան՝ հույսի բերած թեթևությունը:

Մի մարդ մահից հետո հանդիպում է Աստծուն: Աստված նրան ցույց է տալիս իր անցած ուղին՝ ինչից ուր է հասել, ինչեր է փորձառել, երանության պահերը բոլոր: Եվ մարդն այդ ամենում տեսնում է Աստծո ոտնահետքն իր ոտնահետքերի կողքին: Հանկարծ նկատում է, որ բոլոր այն շրջաններում, երբ ինքը դժվարություններ է ունեցել, միայն մեկի ոտնահետքերն են երևում: Սա տեսնելով՝ մարդն ապշած հարցնում է Աստծուն, թե Նա ինչու է դժվարությունների մեջ մենակ թողել իրեն: Ինչին ի պատասխան՝ Աստված ժպտում է և ներողամտորեն ասում. «Դրանք քո ոտնահետքերը չեն, այլ Իմ: Ամեն անգամ, երբ դու դժվարությունների մեջ ես հայտնվել, Ես քեզ գրկած եմ առաջ տարել»:

Տերը միևնույն բանը կարող է ասել յուրաքանչյուրիս: Այլ հարց է, թե այսօր մենք ունե՞նք բավարար զգայունություն ու աչք, որ տեսնենք: Տեսնենք, թե ինչպես է Աստված ճիշտ ժամանակին և երբեմն բոլորովին անսպասելի մի անկյունից ուղարկում օգնություն, երբ օդի պես դրա կարիքը կա, ուղարկում կարեկից մարդկանց, երբ թվում է՝ մենք լքված ենք բոլորից, ապաքինող դիպվածներ, երբ թվում է՝ այլևս երբեք հրաշք չի լինի: Մենք երբևէ մենակ չենք, հատկապես՝ փորձությունների մեջ, հատկապես՝ ընտրություն կատարելիս:

Բարկացած եմ, շատ բարկացած: Հոգիս ցավում է: Ինձ մատնել են, անսպասելի հարված հասցրել, գողացել ամենաթանկը: Ու զգում եմ՝ ինչպես է բարկությունն ավերածություններ առաջացնում հոգուս մեջ: Իհարկե, պիտի վրեժխնդիր լինել, պիտի պայթել, պիտի նույն ցավը ցավեցնողիս վերադարձնել: Խոսում եմ ինքս ինձ ու մտմտում՝ ինչպես մտածածս կյանքի կոչել: Վստահ եմ՝ եթե ինձ այդ պահին կողքից տեսնելու հնարավորություն ունենայի, այլևս երբեք չէի կարողանա սիրել և ընդունել ինձ: Իսկ Աստված նայում է ինձ ու որոշում՝ ինչպես սեր առաքել իմ կյանք... Մեքենայով սլանում եմ անհայտ ուղղությամբ: Բարկությունը չի թողնում շատ բան նկատել, բայց մանկությունից մնացած սովորությունս՝ տեսած ամեն բան կարդալու, ստիպում է ընթերցել վահանակի վրա գրվածը. «Որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության»: Ցնցվում եմ: Ակնթարթորեն հասկանում եմ, որ թե խռովության ուղին շարունակեմ, կկորցնեմ դեպի լույս տանող բոլոր ուղիները: Չեմ էլ նկատում՝ ինչպես եմ սկսում աղոթել. խաղաղեցրո՛ւ ինձ, խաղաղեցրո՛ւ, ինչպես խաղաղեցնում ես ծովը, դարձրո՛ւ ինձ խաղաղարար, օժտի՛ր ինձ զորությամբ, որ կարողանամ ներել, մաքրի՛ր ինձ կուրությունից ատելության, խաղաղեցրո՛ւ ինձ, խնդրում եմ... 
Եվ Նա լսում է ինձ, ինչպես ամեն անգամ, երբ ձայնը սրտիցս է հնչում, երբ աղերսս մաքուր է ու զերծ հպարտությունից ու չարակամությունից: Նա գրկում է ինձ, ու հենց այդ պահին սեփական ոտնահետքերս փոխարինվում են Նրա ոտնահետքերով: Որպեսզի կարողանանք Աստծուն գտնել դժվարության մեջ, պիտի երանության ժամերին ևս զգանք ներկայությունը Նրա: Նա պիտի ներկա լինի մեր կյանքում, երբ շնորհակալությամբ ենք լցված, երբ բավարարված են մեր կարիքները, երբ ներդաշնակություն է հաստատված, երբ խաղաղարար լինելը հեշտ է, լույսի մեջ լինելը՝ շնչելու պես բնական:

Չկա մարդ, որն ազատ է բարկությունից, մութից, փորձանքից, ցավերից, մեղքերից, վերքերից: Մենք նույնն ենք, ինչքան էլ մեզ տարբեր կարծենք: Բայց մեզնից ամեն մեկն ինքն է ընտրում՝ ինչպես վարվել իրեն բաժին հասած խավարի հետ: Կան մարդիկ, որոնք հանձնվում են խավարին, և կան մարդիկ, որ լույս են փնտրում: Ընտրություն կա և կա միշտ: Ի՞նչ ես ընտրում դու: Ի՞նչ ես ընտրում, երբ քեզ համար դժվար է: Դեպի ո՞ւր ես գնում, երբ սիրտդ խռովությամբ է լցվում: Ի՞նչ ես անում, երբ ուզում ես վրեժխնդիր լինել ու չարին չարով պատասխանել: Կյանքը գրեթե իմաստազուրկ կլիներ, թե չլիներ աճելու ուղին: Առաջ գնալու, հասունանալու և ամրանալու, փոխվելու և փոխելու մղումը գաղտնագրված է մարդու բնության մեջ: Իսկ այս ամենը տեղի է ունենում նաև փորձվելիս, խնդիրը լուծելիս, դժվարությունը հաղթահարելիս: 
Այդ պահերին պարզապես պիտի արժանանալ Աստծու կողմից գրկված լինելու օրհնությանը: Եվ ամեն ինչ լույս կլինի…

Անժելա Պողոսյան

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

qahana.am