Թրամփը պարսկերեն գրառում է արել՝ դիմելով իրանցի ցուցարարներին. «Ոգեշնչված ենք ձեր խիզախությամբ»

Իրանի կառավարությունը պետք է իրավապաշտպան խմբերին թույլ տա հետևել և փաստեր փոխանցել իրանցի ժողովրդի կազմակերպած ցույցերի վերաբերյալ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին իր պաշտոնական թվիթերյան էջում պարսկերեն գրառում է արել՝ դիմելով իրանցիներին:

«Դիմում եմ Իրանի քաջ և տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել և իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ: Մենք ուշադիր հետևում ենք ձեր ցույցերին և ոգեշնչված ենք ձեր խիզախությամբ: Իրանի կառավարությունը պետք է իրավապաշտպան խմբերին թույլ տա հետևել և փաստեր փոխանցել իրանցի ժողովրդի կազմակերպած ցույցերի վերաբերյալ: Խաղաղ ցուցարարների ևս մի սպանդ կամ ինտերնետ կապի անջատում չի կարող լինել: Աշխարհը հետևում է»,-ըստ tert.am-ի՝ գրել է նախագահը:

Թրամփն իր էջում տեղադրել է պարսկերեն գրառման նաև անգլերեն տարբերակը:

Հիշեցնենք՝ Live24.am-ը տեղեկացրել էր, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել: 

Իրանի իշխանությունները նախօրեին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով: