Սիրո ցավը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Կյանքը խորապես վիրավորել է ձեզ, սակայն միայն վիրավորված կյանքերն են ի զորու իրապես փրկել

ա

Հունվարի 11

Կանչիր Ինձ, և Ես կլսեմ քեզ, կմոտենամ ու կօրհնեմ քեզ: Օգտագործիր Իմ Շտեմարանների անսպառ հարստությունները՝ քո ու այլոց կարիքների համար: Փնտրիր Իմ Սքանչելի Ճշմարտությունները ու պիտի գտնես:

Կարող է այնպես լինել, որ լռության մեջ նստած՝ քեզ թվա, թե բոլորովին մենակ ես մնացել: Այդ դեպքում հրամայում եմ. այո, հրամայում եմ, որ հիշես, թե խոսել եմ քեզ հետ, ինչպես որ խոսեցի Էմմավուսի ճանապարհին: Ինչպես որ եղավ Վերնատան մեջ Իմ Համբարձումից հետո, երբ Իմ աշակերտները մխիթարում էին իրենց՝ ասելով. «Չէ՞ որ ճանապարհին Նա խոսեց մեզ հետ»:

Իմ Ներկայության գիտակցությունը դուք կունենաք՝ անգամ առանց Իմ ձայնը լսելու: Մնացեք Իմ այդ Ներկայության մեջ: «Ես Եմ աշխարհի Լույսը»: Սակայն երբեմն սիրուց ու նրբանկատությունից ելնելով՝ թույլ չեմ տալիս, որ Իմ Լույսը սաստիկ փայլով շողա ձեզ վրա, որպեսզի չլինի, որ նրա շլացնող պայծառությունից կորցնեք ձեր առօրյա ճանապարհը կամ գործը: Քանի դեռ հոգիները չեն հասել Անանց Երկնքին, նրանք չեն կարող նստել ու վայելել Աստծո Հայտնության սքանչացումը, որ վերապահված է Յուրայիններին: Այժմ դուք ճամփա ելած Ուխտավորներ եք, որ կարիք ունեք ձեր ընթացքը ճշտող առօրյա հրահանգների, ինչպես նաև՝ անհրաժեշտ ուժի և առաջնորդության:

Սիրով սպասեք և ուրախությամբ լսեք Իմ Ձայնը: Երբեք ականջի հետև մի գցեք այն, ինչ լսեցիք: Ես մրցակիցներ չեմ ունենում. երբ մարդը նախընտրում է աշխարհի խառնիճաղանջ կյանքը, Ես ետ եմ քաշվում:

Կյանքը խորապես վիրավորել է ձեզ, սակայն միայն վիրավորված կյանքերն են ի զորու իրապես փրկել:

Կարգապահությունը, կարգ ու կանոնը չի կարելի անտեսել: Կատարելը նշան է Իմ աշակերտը լինելու: Սիրելիներ, ապավինեք, վստահեք Ինձ: Թողեք ըմբոստությունները: Այն վստահությունը, որ դուք ցույց եք տալիս Ինձ այսօր, հեռացնում է մերժված սիրո ցավը, որ Ես ապրեցի երկրի վրա և որը կրում եմ այսօր: «Ես ձեզ համար մեռա, Իմ Որդիներ, և դուք այսպե՞ս եք վարվում Ինձ հետ»: