Արդեն վարորդներ են զրկվել մեքենա վարելու իրավունքից. բալային համակարգը գործում է

Բարձր արագությամբ՝ 81կմժ-ից ավելի վարելու դեպքում նախատեսված է զրկում

Հ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ երթևեկության տեսանկյունից 2020 թվականը բեկումնային տարի է, և բալային համակարգը ՀՀ-ում պահանջված փոփոխություն էր, քանի որ տարեցտարի երթևեկության վիճակը վատանում էր:

«100 խախտումներից միայն 25-ի դեպքում են տուգանային միավորներ ավելացել, միևնույն ժամանակ՝ 100 խախտումների պատիժներից 28-ի ֆինանսական բեռը նվազել է մի քանի հարյուր անգամ, ընդհուպ՝ մինչև զրո դրամ: Բայց սա փոխարինվել է այլ լծակով, որն է՝ վարորդական իրավունքից զրկելը: Բարձր արագությամբ՝ 81կմժ-ից ավելի վարելու դեպքում նախատեսված է զրկում: Հատկանշական է, որ նախորդ տարիներին ավելի շատ զոհեր եղել են ալկոհոլ օգտագործելու, բարձր արագությամբ մեքենա վարելու և հանդիպակաց դուրս գալու դեպքում: Հետաքրքրական է, որ կարմիր լույսի դեպքում տրված է երկու միավոր, ընդ որում՝ 50.000 դրամից խախտումը դարձել է 25.000 դրամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Ղահրամանյանը, հայտնում է 168.am-ը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ դրամական պատիժներն այլևս լծակ չեն հանդիսանում, և այն շրջանցելու համար գոյություն է ունեցել երկու մեխանիզմ. կամ մշտապես վճարել են տուգանք և խախտում կատարել՝ որքան ուզել են, կամ մի հատված էլ  հազարավոր խախտում է արել, սակայն համարվել են սնանկ և որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ:

«Ոչ ոք չի ընկել վարորդների բալերի կամ վարորդական իրավունքի գործունեության հետևից, որովհետև 9 միավորն այն թիվն է, որի դեպքում վարորդների շուրջ 80 տոկոսը տարվա մեջ կարող է իրականացնել 3-5 խախտում: Վարորդների շուրջ 80 տոկոսը տարվա մեջ իրականացնում է 3-5 խախտում, մեծ մասը կարգապահ են»,- նշեց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ, փաստորեն, մարդկանց երկու անգամ են տուգանում՝ այսինքն և՛ բալ է հանվում, և՛ գումար են վճարում, Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ այդպես չէ, խախտման իրավանորմն իր մեջ կարող է պարունակել հիմնական և լրացուցիչ տուգանք:

«Օրինակ՝ Քրեական օրենսգրքում կա գույքի բռնագանձում և կալանք, իսկ այստեղ ֆինանսական և տուգանային միավոր է: Այսինքն, մեկ տուգանք է համարվում, պատժվում է Վարչական օրենսգրքի մեկ հոդվածով: Արդեն մոտավոր հաշվարկով կա 100 արձանագրություն, 50-ի մասով կայացվել է որոշում: Վարորդական իրավունքից զրկված վարորդներ կան, օրինակ՝ ոստիկանի պահանջը չկատարելու, նաև խմածության դեպքերով: Ընդ որում, խմածության ստուգումից հրաժարվելը երկու տարով է զրկում: Հիմնականում մարզերում են շատ խմածության դեպքերը»,- հավելեց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամը:

Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրություն են կատարել, և հատկապես օնլայն տաքսի վարողները ամեն տարի նույնիսկ 5000 ուղևորություն են իրականացրել և տարվա մեջ ունեն 1-2 խախտում:

168.am-ի դիտարկմանը, որ նույն տաքսու վարորդները դժգոհում են՝ ասելով, որ կա կայանատեղիի խնդիր, ստիպված երկրորդ գիծ են կանգնում ու տուգանվում, ավելին՝ ուղևորը երբ բացատրում է, թե որտեղ է, սա համարվում է հեռախոսով խոսել, ու նույնպես տուգանվում է վարորդը, այդ դեպքում ի՞նչ պետք է անել, Սերգեյ Ղահրամանյանը պատասխանեց.

«Տաքսու վարորդներն ինչքան դիմել են Քաղաքապետարան և Ոստիկանություն, որտեղ ուզել են՝ կայանատեղիներ տրամադրվել են, այլ բան է, որ երկրորդ գիծ կայանումը, այո՛, խախտում է: Նախկինում էլ, մինչև 59 վայրկյան կանգառում կանգնելը, որը զուգորդվել է ուղևորի նստել-իջնելով, չի տուգանվել, բայց ես դեպք չգիտեմ, որ վարորդը մոտ երկու րոպե կանգնի, ու իրեն տուգանեն: Հեռախոսի դեպքում էլ տուգանելու դեպք չկա: Ոստիկանությունը գիտակցում է, որ տեղ հասնելիս մարդը պետք է զանգի պատվիրատուին ու տեղեկացնի, որ հասել է: Եթե նման բան լինի՝ բողոքարկման միջոցով կարելի է արդյունքի հասնել»: