Պատժամիջոցներ՝ Իրանի ղեկավարության 8 ներկայացուցիչների նկատմամբ. ԱՄՆ

Թրամփը հրաման է արձակել, որը թույլ է տալիս հավելյալ պատժամիջոցներ սահմանել անձանց դեմ, որոնք տիրապետում են, շահագործում են, առեւտուր են վարում կամ աջակցում են իրանական տնտեսության սեկտորին

ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է սահմանում Իրանի տնտեսական մի շարք սեկտորների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, ովքեր այդ սեկտորների հետ գործնական կապեր ունեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հայտարարում ենք իրանական ռեժիմի դեմ հավելյալ պատժամիջոցների սահմանման մասին՝ որպես ԱՄՆ զորքերի եւ մեր դաշնակիցների վրա հարձակումների հետեւանք: Նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է արձակել, որը թույլ է տալիս հավելյալ պատժամիջոցներ սահմանել անձանց դեմ, որոնք տիրապետում են, շահագործում են, առեւտուր են վարում կամ աջակցում են իրանական տնտեսության սեկտորին, ներառյալ՝ շինարարություն, արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն եւ լեռնային գործ»,- նշել է Մնուչինը:

Ընդ որում՝ Մնուչինը նշել է, որ ԱՄՆ-ը կչեղարկի Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումը հետաքննող օտարերկրյա քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ իր պատժամիջոցները:

Բացի այդ, ԱՄՆ-ը կսահմանի պատժամիջոցներ Իրանի ղեկավարության ութ ներկայացուցիչների նկատմամբ, հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք համարում ենք, որ հավանական է, որ այդ ինքնաթիռը [«Ուկրաինական միջազգային ավիաուղիների» Boeing-737-ը]  խոցվել է Իրանի հրթիռի կողմից: Մենք պատրաստվում ենք սպասել հետաքննության արդյունքներին վերջնական եզրահանգման գալու համար: Կարեւոր է, որ մենք պարզենք գործի էությունը»,-հավելել է ԱՄՆ-ի քաղաքական գործիչը: