Իրանը ուկրաինացի փորձագետներին հասանելիություն է տրամադրել սև արկղերին

Ուկրաինական կողմը դիտարկում է բոլոր վարկածները

Իրանը ուկրաինացի փորձագետներին հասանելիություն է տրամադրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» օդանավի սև արկղերին և բեկորներին, որը վթարի էր ենթարկվել Թեհրանի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն, գրում է ria.ru-ն։

«Մենք հասանելիություն ենք ստացել ինչպես ինքնաթիռի դետալներին, այնպես էլ աղետի վայրին․․․ Այժմ մեր թիմին հասանելի են նաև սև արկղերը, մենք նախատեսում ենք մոտ ժամանակներս վերսկսել բանակցությունները»,- հայտնել է նա՝ հավելելով, որ նրանք նաև ձեռք են բերել դիսպետչերների ձայնագրությունները Թեհրանի օդանավակայանի թռիչքների կառավարման կենտրոնից և իրենց օդաչուներից։

Նա նշել է, որ ուկրաինական կողմը դիտարկում է բոլոր վարկածները և «չի բացառում ինքնաթիռի կործանման ոչ մի վարկած»։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 176 մարդ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի, Աֆղանստանի քաղաքացիներ: