Ծիծաղելի և անհեթեթ է, երբ ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ Հայաստանը կարող է միջնորդ դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինքս էլ նկատեցի, որ Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է խուսափել սպանություն բառից, թեպետ թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմն ազատորեն օգտագործում են սպանություն բառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի ոչ բոլորն անդամներն էին կողմ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ իրականացված օպերացիային։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ դժվար է ասել, թե ինչու ԱՄՆ–ն թիրախավորեց գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, հատկապես, որ վերջինս Նահանգների համար երբեք չի եղել լրջագույն սպառնալիք։

«Սոլեյմանիի սպանությունն Իրանում առաջացրեց ազգային կոնսոլիդացիա։ Եթե Ամերիկայի նպատակն էր նաև Իրանի ներսում սերմանել պառակտիչ գործողություններ, ապա սրանով այդ նպատակը տապալվեց, ավելին՝ սրա հետևանքով գործող իշխանության կյանքը երկարեց մոտ 10 տարով»,–նշեց Սարգսյանը։

Այժմ ողջ Սիրիայի տարածքում ահաբեկիչները կենտրոնացած են Իդլիբում և նախանշաններ կան, որ սիրիական զորքերը պատրաստ են ներխուժել Իդլիբ, ինչը վկայում է, որ Ամերիկան և դաշնակիցները տանուլ տվեցին Սիրիայում որոշիչ դեր խաղալու ընձեռված հնարավորությունը։ Տարածաշրջանի մեկ այլ երկրում՝ Լիբանանում, մեկ ու կես ամսվա լայնածավալ ցույցերը, թեև հանգեցրին կառավարության հրաժարականին, բայց, այնուամենայնիվ երկիրը չգցեցին քաոսային վիճակի մեջ։

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակից Սաուդիան Արաբիան Եմենի դեմ արյունալի պատերազմում նույնպես չկարողացան չեզոքացնել Իրանի դաշնակիցներին, ավելին՝ եմենցիները հակահարված հասցրին Սաուդիան Արաբիայի նավթատարներին։ ԱՄՆ-ն ու Իսրայելը հաջողության չհասան նաև Պաղեստինում։

Հարցին՝ արդյո՞ք այս ամենի ֆոնին Միացյալ Նահանգները գնաց նման քայլի՝ ցույց տալու համար, որ ունի ռազմական ներկայություն և կարևոր նշանակություն Մերձավոր Արևելքում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ Ամերիկայի համար Մերձավոր Արևելքը կարևոր տարածաշրջան է, իսկ ԱՄՆ-ի ցանկացած քայլ ունի իր ռազմավարությունը, նպատակներն ու ուսումնասիրությունները, հետևաբար, պատահական ոչինչ տեղի չի ունենում։ 

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակը ինչ վտանգներ կարող է ներկայացնել Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի համար՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները կարող են լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, քանի որ մեր երկիրը տնտեսական սերտ կապեր ունի Իրանի հետ։

Դիտարկմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես հայտարարում է, որ Ամերիկայի պատժամիջոցները չպետք է ազդեն երրորդ երկրների վրա, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ այս պարագայում Հայաստանի իշխանությունները պետք է հաշվարկ ունենան, թե ԱՄՆ պատժամիջոցներն ինչպես են ազդում մեր երկրի տնտեսության վրա և ներկայացնեն Միացյալ Նահանգներին․

«Ցավոք, նման որևէ հաշվարկ չի եղել։ Կարծում եմ՝ սա մեր բացթողումներից է»։

Խոսելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Երևանի արձագանքի մասին՝ միջազգայնագետը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը չեզոք էր․

«Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ո՛չ այս կողմին, ո՛չ մյուս կողմին չէինք կարող պաշտպանել։ Ինքս էլ նկատեցի, որ Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է խուսափել սպանություն բառից, թեպետ թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմն ազատորեն օգտագործում են սպանություն բառը։ Ինձ համար ծիծաղելի և անհեթեթ էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է միջնորդ լինել երկու պետությունների միջև։ Շատ ծիծաղելի է, որովհետև նման պատրաստակամություն հայտնել են այնպիսի գերտերություններ, ինչպիսիք Գերմանիան, Թուրքիան և Ռուսաստանն են»։

Առավել մանրամասն՝ tert.am-ի տեսանյութում։